«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի իշխանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, իր ներկայացուցիչն էլ գնում է այդ դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վերահաստատելու ու դրանից հետո ի՞նչ սպասում, ի՞նչ ակնկալիք:
Փաշինյանական իշխանությունը Արցախի հարցը հրել ու հասցրել է Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում քննարկվող իրավունքի խնդիր ու, բնականաբար, թեմայի բոլոր արծարծումները դրա տրամաբանության ներքո են լինելու: Միակ գործոնը, որն այսօր խառնում է Արցախի հանձնման` դրսի ու ներսի շահառուների խաղաքարտերը, Արցախում ապրող մարդիկ են ու նրանց անկեղծորեն սատարող խմբերը:
Շատ կարևոր է հասկանալ, թե ավելի գլոբալ առումով ի՞նչ հետևանքներ կունենան ՄԱԿ-ի ԱԽ քննարկումները տարածաշրջանային զարգացումների վրա»: