ՀՀ գործող ռեժիմի՝ իշխանության գալուց հինգ տարի անց պետք է ի վերջո հասկացած լինեինք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Բավական է հիշել միայն «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որն այժմ դարձել է «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ»։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացմանը, որ Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխում, պարզապես Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի բարդ ժամանակաշրջան է։
«Լուրջ վերաբերել Հանրայինի եթերում ՀՀ վարչապետի հայտնած դիրքորոշումներրին և տեսակետներին, ուղղակի անմեղսունակ գործ կլինի։ Կարևորն արտահայտությունները չեն, կարևորը գործողություններն են։
Իսկ մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները երեք ծրագիր են իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղն առանց հայերի, որն արդեն իսկ ավարտված է, երկրորդ՝ հակառուսական տրամադրությունների գեներացում և Ռուսաստանի գլխավորած բոլոր ռազմաքաղաքական միություններից քայլ առ քայլ հեռանալ, ինչը դեռ կիսատ-պտառ է հաջողվում և երրորդ՝ «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում, ինչն Իրանը թույլ չի տալիս»,- ասաց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգը հիշեցրեց՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները վաղուց սառեցված են. մեր երկիրն այդ կառույցում անգամ ներկայացուցիչ չունի, ԱՊՀ-ից, որքան էլ այն «մահացած» կառույց է, Հայաստանը կամաց-կամաց դուրս է գալիս (երեկ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահին տեղեկացրել է՝ չի կարողանա մասնակցել Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին՝ խմբ.)։
«Խնդիրն արտաքին վեկտորը փոխելը չէ։ ՀՀ իշխանությունները չեն կարող վեկտոր փոխել, որովհետև խնդիրներ լուծելու գործիք են Արևմուտքի ձեռքին։ Վեկտոր կարող է փոխել ինքնուրույն քաղաքական ուժը, իսկ ՀՀ իշխանություններն ինքնուրույն միավոր չեն, այլ ընդամենը՝ ուրիշի ձեռքում եղած գրիչ։ Իսկ գրիչը չի կարող ուրիշ բան գրել, քան թելադրում է իրեն բռնած ձեռքը»,- ամփոփեց Արմեն Բադալյանը։