Եթե Ադրբեջանը հասնի նրան, որ Լաչինի միջանցքում հսկիչ անցակետ դրվի, միջանցքի կարգավիճակն ինքնըստինքյան կվերանա։ Որ պահից ադրբեջանցիներին հաջողվի անձնագրային և մաքսային անցակետեր տեղադրել, միջանցքի ստատուսի հետ միաժամանակ հօդս կցնդի նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի կատարումը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով՝ չի բացառվում, որ Ադրբեջանի պնդումների ֆոնին՝ իբր Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվում, Լաչինի միջանցքում սքաներ սարք տեղադրվի՝ վերահսկելու ԼՂ մուտք գործող մեքենաների բեռները։
«Նման սարք, ամենայն հավանականությամբ, կտեղադրվի, բայց, բնականաբար, ռուս խաղաղապահների վերահսկողությամբ և ենթակայությամբ»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Անդրադառնալով մարտի 5-ի ադրբեջանական դիվերսիային՝ ռազմական փորձագետը շեշտեց՝ գործողությունը վերին աստիճանի փնթի կերպով էր կազմակերպված՝ իբր թիրախավորված տրանսպորտային միջոցը Հայաստանից էր ուղևորվել Արցախ, և Ադրբեջանն իր գործողությամբ կանխարգելեց Հայաստանից Արցախ զենք-զինամթերքի տեղափոխման փորձը։
«Իհարկե, ադրբեջանական կողմի այս պնդումները շատ արագ հերքվեցին, որովհետև ամեն բան տեսանկարահանված էր, բայց, այնուամենայնիվ, իրենք կանգ չեն առնելու։
Եթե Ադրբեջանին չի հաջողվում «Զանգեեզուրյան միջանցք» բացել, ապա նա փորձելու է վերացնել Լաչինի միջանցքի ստատուսը։ Վերացնելու համար պետք է անձնագրային կետ դրվի, բայց ՌԴ արտգործնախարարը և ԱԳ նախարարության տարբեր պաշտոնատար անձինք հայտարարեցին՝ Լաչինի միջանցքում որևէ անցակետ չի տեղադրվելու. եթե տեղադրվի, կրկնում եմ, դա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների խախտում է։ Իսկ ռուսները դրան չեն գնա՝ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը շատ ցանկանա։ Ռուսները նման բան թույլ չեն տա»,- ամփոփեց Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը: