Ելնելով Ադրբեջանի կատարած քայլերից՝ պարզ է դառնում, որ Հայաստանի նկատմամբ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունն այս պահին բավական բարձր է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Politico թերթի հրապարակմանը, որի համաձայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է՝ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։
«Ադրբեջանի ղեկավարն իր ոչ ուղիղ հայտարարություններով կատարում է գործողություններ, որոնք իրենցից ենթադրում են լայնածավալ պատերազմական գործողությունների հոգեբանական նախապատրաստական աշխատանքներ։ Ընդ որում, Ալիևը դա անում է իր քաղաքացիների նկատմամբ։
Ինչ վերաբերում է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության «արտահոսքին», այնուհետև՝ պետքարտուղարության տարածած հերքմանը, բնական է, որ պետք է հաջորդեր հերքում։
Նմանատիպ նյութերը կանխարգելիչ, նախազգուշական գործողություններ են, որով ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանությանը հասկացնում է, որ տեղյակ է նրա պլաններից։ ԱՄՆ-ը կարծես ասում է, որ դատապարտելու է Ադրբեջանի քայլերը կամ Հայաստանի նկատմամբ հարձակումն առնվազն Միացյալ Նահանգների համար կարմիր գիծ է լինելու»,- ասաց ռազմական փորձագետը։
Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ հերքվե՞լ է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե ոչ, դա արդեն երկրորդական է։
«Կարծում եմ՝ Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունների ժամկետները միգուցե որոշակիորեն երկարաձգվեն՝ ելնելով հենց Բլինկենի հայտարարությունից, բայց միևնույն է՝ վտանգը ռեալ է, և Բաքվի բռնապետի նպատակներում ոչինչ չի փոխվել։ Պաղեստինաիսրայելական հակամարտության ֆոնին՝ հարմար որևէ պահի, ադրբեջանցիներն անցնելու են լայնածավալ ռազմական գործողությունների»,- ասաց ռազմական փորձագետը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Այս մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել էր պարբերականի հրապարակումը։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել էր, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։