Շատ լավ է, որ արցախցի որևէ պաշտոնյա կարողացել է խոսել BBC HARDtalk հաղորդաշարի շրջանակներում. պետք է խոսեն այլ պաշտոնյաներ ևս. Թևան Պողոսյանը՝ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցի մասին

42

Քաղաքագետ Թևան Պողոսյանը դրական է գնահատում Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ BBC HARDtalk հաղորդաշարին մասնակցությունը։

«Շատ լավ է, որ արցախցի որևէ պաշտոնյա կարողացել է խոսել այս հաղորդաշարի շրջանակներում։ Եթե ադրբեջանական բլոկոդայում գտնվող Արցախն այսօր նման հնարավորություն ունի, ինչպե՞ս իր ձայնը չբարձրացնի։ Բայց հարցն այն է, որ քանի դեռ չգիտենք՝ Ռուբեն Վարդանյանն ինչ է ասել, նրա խոսքը մեկնաբանել չի կարելի»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Թևան Պողոսյանի խոսքով՝ հարցազրույցի փաստն իրենով խիստ դրական է, և գերազնաց կլինի, եթե ԱՀ պետնախարարի հարցազրույցին հաջորդեն արցախցի բարձրաստիճան այլ պաշտոնյաների՝ միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներին տված այլ հարցազրույցներ ևս։

«Երեկ Ռուբեն Վարդանյանն է եղել, մյուս օրը թող Արցախի Հանրապետության արտգործնախարարը, ներքին գործերի նախարարը, գյուղատնտեսության նախարարը, ԱԺ պատգամավորները խոսեն։ Նորից եմ ասում՝ շատ լավ է, որ ստացվել է հյուրընկալվել այդ հաղորդմանը և Արցախի տեսակետը բարձրաձայնել, բայց ցավում եմ, որ նման հնարավորություն ունենալով՝ մինչև հիմա այն չի օգտագործվել»,- ասաց Թևան Պողոսյանը։

Մեր զրուցակիցը խորհուրդ տվեց սպասել բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցին ԱՀ պետնախարարի հարցազրույցի տեսագրությանը՝ առավել առարկայական վերլուծություններ կատարելու համար։

Մինչ այդ, քաղաքագետի խոսքով, հայկական կողմը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները՝ առաջնակարգ և ոչ այնքան առաջնակարգ ԶԼՄ-ներով հիշեցնելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին։

Հիշեցնենք, որ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել էր՝ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk-ին:

«Ոչ զարմանալիորեն, հարցազրույցի մասին առաջինը գրել են ադրբեջանական աղբյուրները: Հարցազրույցը դեռ չի տեղադրվել BBC–ի յութուբյան ալիքում: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Վարդանյանը խոսել է բլոկադայի, դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին: Վարդանյանը նշել է, որ Արցախում հայերն ապրում են հազարամյակներով:

Նա նշել է, վերջին 35 տարիներին հայերը համառ պայքար են մղում անկախության ճանաչման համար: Նշել է, որ Արցախը երբեք չի եղել ներկայիս Ադրբեջանի մաս: Արցախը Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն: Նա խոսել է Արցախի ու Ադրբեջանի քաղաքական համակարգերի տարբերությունից և շեշտել, որ եթե Արցախում արդեն չորս ղեկավար է փոխվել, ապա Ադրբեջանում տասնամյակներով նույն ընտանիքն է ղեկավարում երկիրը: Կրկին շեշտել է, որ պատրաստ են բանակցությունների, պատրաստ են ապրել որպես հարևաններ, բայց չեն լինի Ադրբեջանի մաս: Նա նշել է նաև միջազգային հանրությունից եկող օգնության մասին: Հնչել են հարցեր նրա անձի հետ կապված, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին:

Հարցազրույցի վերջում Վարդանյանը ասել է, որ անկախ նրանից կզբաղեցնի պաշտոն, թե չէ, ինքը կմնա Արցախում, քանի որ եկել է Արցախ՝ մարդկանց կողքին լինելու և այս փորձությունները միասին հաղթահարելու նպատակով»,- գրել է Տաթևիկ Հայրապետյանը։