Լաչինի միջանցքն անհապաղ պետք է բացվի, այդպիսին է ոչ միայն Ավստրիայի, այլև ամբողջ Եվրամիության դիրքորոշումը. Վիեննայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը։ Նա նաև հավելել է, որ Եվրամիությունը մտահոգված է Ուկրաինայի հակամարտությամբ, սակայն չպետք է մոռանալ նաև ԵՄ մյուս հարևաններին, այդ թվում` Հարավային Կովկասը։
«Նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել և պետք է անհապաղ դադարեցվի», – հայտարարել Է նախարարը:
Նախարարը նշել է, որ Վիեննան մտահոգված է սրվող հումանիտար իրադրությամբ, ուստի անհրաժեշտ է գոնե միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ Կարմիր խաչի մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ բացել` մարդասիրական օգնություն հասցնելու համար: Դա նվազագույնն է, ինչ կարելի է անել։
«Մենք գտնվում ենք խաղաղ բանակցությունների փուլում, սակայն դրանց համար փոխադարձ վստահություն է պետք։ Իրավիճակը Լաչինի միջանցքում կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ և կարող է խաթարել բանակցություններում ներդրված բոլոր ջանքերը», – հայտարարել է Շալենբերգը։
Նա նշել է նաև մի շարք այլ չլուծված հարցեր՝ գերեվարված անձանց վերադարձը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերը։