Արևմտամետները կարող են ասել և ասում են, որ Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը ռուսական գործակալ է, մյուս կողմն էլ հակառակն է պնդում, բայց Ռուբեն Վարդանյանի մասին պետք է դատել բացառապես նրա կատարած քայլերով և աշխատանքի արդյունքներով, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
«Իմ կարծիքով` նա առայժմ ամեն ինչ ճիշտ է անում։ Առայժմ Վարդանյանի կողմից որևէ կոպիտ սխալ թույլ տրված չէ, տեսանելի դաշտում ոչ մի թյուրիմացություն չկա։ Ես որևէ կոպիտ վրիպում չեմ տեսել»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցին՝ Ալեքսանդր Մանասյանը նկատեց՝ համաժողովրդական հանրահավաքն արցախահայության կամքի արտահայտությունն էր։
«Այդ ցույցը մեսիջ էր բոլորին՝ Եվրոպային, Արևելքին, Արևմուտքին և Ադրբեջանին, որ արցախցին անկոտրում է և մնում է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ հայության պատվարը»,- նշեց Մանասյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կեցվածքին, Ալեքսանդր Մանասյանն ընդգծեց՝ այն տեղավորվում է նույն այդ իշխանությունների՝ սկզբնապես ընդունված հայեցակարգի մեջ, այն հայեցակարգի, որով նրանք եկել են իշխանության։