Գերմանիայում Բունդեսթագի մի քանի պատգամավորներ պահանջում են երկրում արգելել «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը։
Բունդեսթագի ընդդիմադիր «Ձախ» կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը կառավարությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի օրինակին և կասեցնել Գերմանիայում «Գորշ գայլերի» թևը համարվող «Գերմանիայի դեմոկրատական իդեալիստական թուրքական կազմակերպությունների համադաշնության» գործունեությունը։
Դաղդելենը նշել է, որ հիշյալ համադաշնությունը, որի կազմում կա 170 կազմակերպություն և շուրջ 7․000 անդամ, ամենամեծ ծայրահեղական-աջակողմյան կազմակերպությունն է այդ երկրում։
Նա նաև հայտնել է, որ քրդերի, հայերի, ալևիների, հույների և հրեաների դեմ սադրանքներ հրահրելով` նրանք Գերմանիայում ծառայում են հասարակության բևեռացմանը և մասնատմանը:
Պատգամավորի խոսքով՝ ազգայնական «Գորշ գայլերը» սերտ կապեր ունեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջապատի մի հատվածի հետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։