Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝աղբարկղը նետել կեղծ պետական ատրիբուտները, լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին», սպառնալիքի, քաղտեխնոլոգիաների և առկա իրականության համակցությունն է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։
«Դիտարկելով Ալիևի հայտարարությունների և գործողությունների պրակտիկան՝ հասկանալի է դառնում, որ նա ինչ ասում, այն էլ անում է։ Իսկ ինչո՞ւ է այդպես. որովհետև ի դեմս Ռուսաստանի և Թուրքիայի՝ ունի լավ դաշնակիցներ։ Նրանք իրենց «շան ձագի»՝ Ադրբեջանի հովանվորներն են։
Իհարկե, տարածաշրջանում ՌԴ-ն և Թուրքիան այս պահին թուլացած են, սակայն Հարավային Կովկասը շարունակում է գտնվել նրանց վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանն այդ տարածաշրջանում ազատություն ունի։
Չմոռանանք, որ բոլորովին վերջերս Հայաստանը թույլ տվեց Ադրբեջանին ներկա գտնվել Եվրասիական տնտեսական համաժողովին, որն էլ շատ հարազատ կառույց դարձավ նրան. ԵԱՏՄ անդամ երկրներն ուղիղ, ակնհայտ աջակցություն են ցույց տալիս Ադրբեջանին, ինչն էլ առիթ է տալիս, որ այդ պետությունը հանդես գա լկտի հայտարարություններով»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով Ալիևի հայտարարության վերաբերյալ Արցախի արձագանքին՝ Հայկ Սուքիասյանն ընդգծեց՝ Արցախն արձագանքում է իր ունեցած պոտենցիալի չափով։
«Եթե արցախահայության մայր էթնոսը՝ Հայաստանի Հանրապետությունն, ունենար այնքան հզորություն, որ կարողանար Արցախին թիկունք կանգնել, Արցախը ոչ միան այլ կերպ կարձագանքեր, այլև կհասներ Բաքու, Նախիջևանն էլ մեզ կվերադարձներ։ Բայց կան իրողություններ, որոնց հետ մենք ուղղակի պարտավոր ենք հաշվի նստելու։
Մյուս կողմից մեր բախտը բերել է, որ ՌԴ-ն որոշել է «խեղդվել» Ուկրաինայի ճահիճներում, իսկ Թուրքիան էլ բազմաթիվ պրոբլեմներ ունի։ Այս իրավիճակը Հայաստանին և Արցախին տվել է շնչելու նվազագույն հնարավորություն, և այժմ կայունության շրջան է․Հայաստանն այս շրջանում աշխատել է այլ բևեռների՝ Հնդկաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ»,- ասաց մեր զրուցակիցը։
Վերջում Հայկ Սուքիասյանը շեշտեց՝ Ադրբեջանն այժմ անում է ամեն բան՝ խուսափելու Արցախի հետ ուղիղ բանակցություններից։
«Ասում է՝ խորհրդարանը ցրեք, բայց մենք չպետք է ցրենք։ Կա պահանջ, որ Ադրբեջանը բանակցի Արցախի հետ։ Մենք չպետք է տուրք տանք Ալիևի հոխորտանքներին։ Արցախը պետք է մնա, և ՀՀ իշխանությունները պետք է օգնեն, որ այն ուժեղանա»,- ամփոփեց քաղաքագետը։