Քանի դեռ հայկական բանակը վերականգնված չէ (իսկ հիմա վերականգնված չէ), Ադրբեջանի կողմից Հայաստանին հարվածելու սպառնալիքը ցանկացած պահի, միշտ էլ լինելու է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Politico թերթի հրապարակմանը, որի համաձայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է՝ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։
«ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը և նրա հանցակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը որևէ դեպքում անվտանգության երաշխիքներ չունենա, այդ թվում՝ բանակը չգործի։ Սա իմ խորին համոզմունքն է։
Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չունի բանակ, որը կկարողանա Ադրբեջանի ցանկացած արկածախնդրության պարագայում անվերապահորեն ապահովվել ՀՀ անվտանգությունը։ Բանակը, սակայն, հետևողականորեն կազմալուծվում է, և այդ գործընթացն, ըստ էության, սկսվել է դեռ 44-օրյա պատերազմի հաջորդ օրվանից»,- ասաց մեր զրուցակիցը։
Կարեն Վրթանեսյանի համոզմամբ՝ եթե Հայաստանը գործեր պետականամետ, հայ ժողովրդի շահերն առաջ տանող իշխանություն, ապա 44-օրյա պատերազմից հետո առաջին քայլը պետք է լիներ ազգային բոլոր ռեսուրսների մոբիլիզացիան՝ վերականգնելու հայկական բանակը։
«Բայց նման բան ոչ միայն չեղավ, այլև հակառակը՝ ամեն ինչ արվում է բանակը ավելի խոցելի դարձնելու համար։
Մեկ շատ կարևոր դրվագ ևս. այն, ինչ Նիկոլ Փաշինյանի վարչակարգն արեց Արցախի հետ, դա ևս լրջագույն հարված էր ՀՀ անվտանգությանը, որովհետև Արցախը Հայաստանի դարպասներից մեկն էր, Հայաստանը պաշտպանող ամրոցներից մեկը։ Եթե դու ամրոցը հանձնում ես, ոչ թե ուժեղանում ես, այլ հակառակն՝ ավելի խոցելիս ես դառնում, ստիպում, որ հակառակորդը հարձակվի քո վրա։
Արցախը հանձնելու այն ամբողջ քարոզչությունը, որ իշխանական ռեսուրսների միջոցով տարվում էր, կվարեր միայն ՀՀ թշնամի ցանկացած պետության կողմից։ Ըստ էույան՝ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը գործել է որպես քայքայող, թշնամու շահերն սպասարկող ուժ»,- ամփոփեց Կարեն Վրթանեսյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Այս մասին գրում Է Politico թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել էր պարբերականի հրապարակումը։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել էր, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։