Նախագահ Փեզեշքիանի հետ մենք հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր կառավարությունների առանցքային առաջնահերթություններից են։ Այդ հարցում ՀՀ պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը բազմիցս բարձր մակարդակով ողջունվել է բարեկամ Իրանի ներկայացուցիչների կողմից։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը բարձր եռն գնահատում ԻԻՀ հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն։ Վերոնշյալի համատեքստում պարոն նախագահին ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի մանրամասները։
Այս գործընթացը միտված է մեծ հեռանկարներ բացելու ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։ Ես շնորհակալ եմ նախագահ Փեզեշքիանին այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար։ Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով։ Գործնականում սա նոր դռներ կբացի ՀՀ և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղայինգծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և ի վերջո դեպի Սև ծով։ Սա ամբողջությամբ համապատասխանում է խաղաղության խաչմերուկ նախագծին։
Վստահ ենք, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է ծառայի մեր տարբեր գործընկերների միջև երկխոսության խթանմանը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովվելու է Հայաստանը և ոչ թե որևէ երրորդ երկիր»,- ասաց Փաշինյանը։։









