ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղյակ չէ՝ «Տոյոտա Երևան»-ում ստուգումներ սկսվել են վերջերս, թե ոչ։
«Կարծես՝ վերջերս նման բան չի եղել։ Գիտե՞ք օրական քանի ստուգում է տեղի ունենում։ Ես չեմ կարող դրանց բոլորի մասին իմանալ։ Ռիսկերի համակարգն է որոշում՝ որտեղ են ստուգում, ինչն են ստուգում: Անկեղծ եմ ասում՝ չգիտեմ։ Կարող ենք ճշտել, հրապարակել»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բադասյանը։
Անդրադառնալով էլեկտրամոբիլների թեմային՝ նա տեղեկացրեց, որ այս տարի ՀՀ քաղաքացիներն ավելի շատ այդպիսի մեքենաներ են ներմուծել:
«Արդեն 7400 էլեկտրամոբիլ է ներմուծվել Հայաստան արտոնյալ պայմաններով։ Նրանք ազատված են ԱԱՀ-ից, և դա շարունակում է ուժի մեջ լինել և մենք ունեինք լրացուցիչ 600 քվոտա, որը պահել էինք նմանատիպ դեպքերի համար։ Եվ հիմա դա ավելացվեց, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր իրենց էլեկտրամոբիլները բերել են Հայաստան, կարողանան օգտվեն այդ արտոնությունից։ Ընդհանուր դառնում է 8000»։
Անդրադառնալով էլեկտրական ավտոմեքենաների գույքահարկի դրույքաչափերի բարձր լինելուն՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ դրանց վերաբերյալ ավելի խորքային քննարկումներ են ընթանում: Նա հավելեց, որ այս պահին չի կարող ասել՝ գույքահարկի դրույքաչափերը էլեկտրական մեքենաների համար կնվազեն, թե ոչ:








