Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այսօր առավոտից «Իզմիրլյան» ԲԿ-ում շարունակվող խուզարկությունները դիտարկում է որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի շարունակություն, նրա կողմից դրսևորվող յուրօրինակ մտասևեռում։
«Նա ունի սևեռուն մտքեր, որոնք ամեն գնով փորձում է իրականացնել, և ամեն ինչի, որ այդ ճանապարհին դիմում է՝ հակասահմանադրական, հակաօրինական և հակաբարոյական է։
Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն իր այս սևեռուն մտքերով ի վերջո ինչի կհասնի, բայց առայժմ նա ընդամենը ճանկռում է Հայ Առաքելական Եկեղեցու պատերը»,-Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
Ժաննա Ալեքսայանի խոսքով՝ Փաշինյանը ճիշտ կանի գնա և ստուգի իշխանությունների հետ փոխկապակցված ընկերություններն ու կառույցները, որտեղ ակնհատ կոռուպցիոն ռիսկեր կան։
«Առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի ունեցած մտասևեռումն ուղղակի ապշեցնող է՝ օրենքի տոտալ բացակայություն. նա առաջնորդվում է «Ինչ կուզեմ՝ կանեմ» սկզբունքով։
Ինձ թվում է՝ սփյուռքն էլ տեղից կշարժվի՝ կանխելու Եկեղեցու դեմ արշավը. մեր հոգևոր կյանքը չպետք է խաթարվի»,- ասաց իրավապաշտպանը։
Ժաննա Ալեքսանյանը վստահություն հայտնեց՝ իշխանությունները տարված են կեղծ քրեական գործեր հարուցելու մոլուցքով, ինչպես վարվել են բազմաթիվ անձանց դեպքում։
«Մենք տեսնում ենք, որ դրանք կեղծ գործեր են՝ մարդկանց տանել, ամիսներով պահել, հետո բաց թողնել։ Սա ուղղակի խայտառակություն է»,- ասաց մեր զրուցակիցը՝ չբացառելով, որ այսօր կամ մոտակա օրերին խուզարկություններին կարող են հարջորդել նաև ձերբակալություններ։
«Ո՞վ ունի Նիկոլ Փաշինյանի ֆանտազիան։ Այն, ինչը նա կարող է անել, մեզ համար անպատկերացնելի է, բայց մենք այդ ամենը տեսնում ենք։ Փաշինյանն ինքն իրեն օրենքից դուրս է դրել»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակները։
Ըստ ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ քրեական վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը։
Նշենք, որ իրավապահներն «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավարության աշխատասենյակներից համակարգիչներն ու գումար են առգրավել։









