Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական խայտառակ ապօրինությունն է թույլ տվել՝ հանրահավաքի հարթակից ցուցումներ տալով, թե ինչ պետք է անեն իմ և մյուս ընդդիմադիր գործիչների հետ։ Սա այն դեպքն է, երբ գողն ամենաբարձրն է գոռում՝ «Բռնե՛ք գողին», իսկ տվյալ դեպքում պետական դավաճանն ամենաբարձրն է գոռում, որ իր քաղաքական ընդդիմախոսն իբր պետական դավաճան է։ Սա իրենց գեբելսյան քարոզչության դրսևորումներից մեկն է։ Այսօր տեղի ունեցած հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է մեղադրանք, որն իր դեմ կիրառվելու է իշխանափոխությունից հետո։ Նա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ գործելով պետական դավաճանություն»,- ասաց բանախոսը։
Նա նշեց, որ իրավաբանները Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմումներ են նախապատրաստվում երկու հոդվածներով. հայցադիմումներից մեկը վերաբերում է զրպարտության և բարի համբավի արատավորմանը, երկրորդը՝ վարչապետի կողմից լիազորությունների գերազանցմանը։
Անդրանիկ Թևանյանը միաժամանակ նշեց, որ Փաշինյանի կողմից իրեն վերագրվող հոդվածի մասին տեղեկացել է եթերից, և սրանից առաջ իր ներգրավմամբ որևէ իրավական գործընթաց չի իրականացվել։
Ըստ պատգամավորությնա թեկնածուի՝ Փաշինյանը հասկանում է, որ իշխանափոխությունից հետո օրենքի առաջ պատասխան է տալու պետական դավաճանության հոդվածով, և նրա ներկայիս վարքագիծը հենց դրանով է պայմանավորված։
«Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից հետո նա դատվելու է պետական դավաճանության հոդվածով։ Ինքը շատ լավ գիտի այդ մասին, և դա է պատճառը, որ հիմա այսպիսի գործողություններ է իրականացնում»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը՝ նրան մեղադրելով պատերազմ հրահրելու, հազարավոր զոհերի, Արցախի կորստի, արցախահայերի բռնագաղթի համար։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հետագայում պետք է նաև պատասխանի, թե ինչպես է պետական պարտքն ավելացել 8 միլիարդ ԱՄՆ դոլարով, և ինչ ուղղություններով են այդ գումարները ծախսվել։
«Նիկոլ Փաշինյանը հետագայում պետք է պատասխանի, թե ինչպես եղավ, որ ինքն ու իր շրջապատը դարձան դոլարային միլիոնատերեր, որոշ դեպքերում՝ միլիարդատերեր, որովհետև նրա շրջապատի բիզնեսմեններից մեկի տարեկան մաքուր շահույթը 1,5 միլիարդ դոլար է։ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի, թե ինչու, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման աշխատանքների շրջանակներում Հայաստանը միակողմանի զիջումների գնաց Տավուշի մարզում։ Եվ մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչ նախապայմանների տակ է մտել Նիկոլ Փաշինյանը, և դրանից հետո բոլորիս համար պարզ կդառնա, թե նա ինչու է այսպիսի ագրեսիվ վարքագիծ դրսևորում»,- ասաց Թևանյանը։
Բանախոսը նաև ընդգծեց՝ Փաշինյանի և ՔՊ-ի հարձակումներն իրենց վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, իրենք շարունակելու են պայքարել, որ Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանանա։
Անդրանիկ Թևանյանն ընդդիմադիր դաշտին կոչ արեց գլխավոր հարցերում կոնսոլիդացիայի գալ, միավորել ուժերը՝ ստեղծված իրավիճակին վերջ տալու համար։
Ըստ նրա՝ հունիսի 7-ը յուրօրինակ հանրաքվե է լինելու, որի ժամանակ քաղաքացիները պետք է պատասխանեն մի հարցի՝ ունենալո՞ւ ենք Հայաստանի Հանրապետություն, թե՞ «Արևմտյան Ադրբեջան»։
Թևանյանը վստահություն հայտնեց, որ ընտրություններին բարձր մասնակցությունը հանգեցնելու է իշխանափոխության, և Նիկոլ Փաշինյանն այդ դեպքում երանի է տալու Սաակաշվիլիի ճակատագրին, քանի որ մեր պետության դեմ արվողը վաղեմության ժամկետ չունի։
Հիշեցնենք, որ երեկ Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ԱԱԾ-ն հաղորդում է ուղարկելու ՀՀ քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար։ Դրանից հետո Անդրանիկ Թևանյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան, ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։








