Անկարայի, Բաքվի և գլոբալիստական ուժերի պահանջները Հայաստանից հետևյալն են՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հանձնում, Հայաստանում ադրբեջանցիների բնակեցում, կարևոր տրանսպորտային հանգույցներում գտնվող առնվազն երեք հայկական տարածքների հանձնում, ԱԷԿ-ի փակում, հանքարդյունաբերության ոչնչացում, Գյումրու ռուսական ռազմաբազայի դուրսբերում, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի հեռացում։ Այս մասին այսօր տեղի ունեցած հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Ըստ բանախոսի՝ Հայաստանի «ուկրաինացումը» նախատեսված է այն բանի համար, որպեսզի թյուրքական աշխարհը գերիշխող դեր ստանա տարածաշրջանում՝ դուրս մղելով Ռուսաստանին և Իրանին։
«Բնական է, որ ովքեր դեմ են այս ամենին, պետք է հռչակվեն դավաճաններ։ Մեզ վրա իրենց հարձակումները չեն կարող որևէ ազդեցություն թողնել։ Մենք միշտ եղել ենք ընդդիմության համախմբման կողմնակից։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանանա։ Առանց ընդդիմության համախմբման՝ իշխանությունները կարող են վերարտադրվել, իսկ եթե Հայաստանն արժանանա Արցախի ճակատագրին, ապա արդեն կարևոր չի լինի, թե ով կլինի վարչապետը»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։
Նրա համոզմամբ՝ առաջիկա ընտրությունները տարբերվում են նրանով, որ Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմի. Թուրքիան և Ադրբեջանն ակտիվ դերակատարում ունեն երկրի ներքաղաքական կյանքում, որտեղ նրանք ունեն իրենց թեկնածուն՝ ի դեմս Փաշինյանի։
«Բացի այդ՝ մենք երբեք գոյաբանական հարց չենք լուծել։ Հունիսի 7-ին քաղաքացիները պետք է պատասխանեն հարցին՝ ունենալու ենք Հայաստանի Հանրապետություն, թե «Արևմտյան Ադրբեջան»,- նշեց նա։
Անդրանիկ Թևանյանը կոչ արեց իշխանության ստորին և միջին օղակների ներկայացուցիչներին չկատարել իշխանությունների ապօրինի հրահանգները՝ խոստանալով իշխանափոխությունից հետո «վհուկների որս» չկազմակերպել։
Անդրադառնալով Արցախի հարցին՝ բանախոսը շեշտեց՝ կան բազմաթիվ փաստաթղթեր, ինչպես նաև Գերագույն խորհրդի որոշումն այն մասին, որ Հայաստանի որևէ ղեկավար չի կարող ստորագրել փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղը կճանաչվեր Ադրբեջանի մաս։
Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց նաև, որ 2022 թվականի ապրիլին Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե միջազգային ուժերն իրեն հորդորում են իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը՝ տեղի հայերի անվտանգության ապահովման դիմաց, իսկ դրանից առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել էր, թե զարմացած ու հիացած է Փաշինյանի համարձակությամբ։
Անդրանիկ Թևանյանը հիշեցրեց՝ դրան նախորդել են ստվերային գործընթացներ և հանդիպումներ, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախի կարգավիճակը կիջեցվի, իսկ իրականում՝ այն կհանձնվի Ադրբեջանին, և հիմքեր կստեղծվեն հայերի էթնիկ զտումների համար։
«Դրանից հետո սկսվեց Դիմադրության շարժումը, և հանձնման գործընթացը հետաձգվեց, բայց քանի որ պայմանավորվածություններն արդեն կային, հետո տեղի ունեցավ Ջերմուկի ուղղությամբ երկօրյա պատերազմը, որի հետևանքով մենքմի քանի հարյուր զոհ ունեցանք։ Մենք իշխանափոխությունից հետո քրեական գործի շրջանակներում կփորձենք պարզել՝ արդյոք դա համաձայնեցված պատերազմ էր՝ հայ հասարակության շրջանում վախի մթնոլորտ սերմանելու համար, որպեսզի հանձնվեր այն, ինչին Փաշինյանն այդ ժամանակ արդեն համաձայնեցր, թե Փաշինյանը վախեցավ իրականացնել այդ ծրագիրը, ինչից հետո ադրբեջանցիները որոշեցին ուժ կիրառել։
Ավելի ուշ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է կայացնել մի որոշում, որի համար իրեն պետական դավաճան կանվանեն, բայց ինքը, միևնույն է՝ գնալու է այդ ճանապարհով։ Դրան հաջորդեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որտեղ Արցախը հանձնվեց Ադրբեջանին»,- հիշեցրեցԱնդրանիկ Թևանյանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուի կարծիքով՝ Արևմուտքն այս ամենն իրականացրեց ոչ թե ընդդեմ Հայաստանի, այլ ընդդեմ Ռուսաստանի՝ Հայաստանն օգտագործելով որպես միջնորդ։ Իսկ Փաշինյանը դրա դիմաց ակնկալեց ստանալ արևմտյան ուժերի աջակցությունը՝ սեփական իշխանությունը պահպանելու հարցում։
Դրանից հետո սկսվեց Արցախի բլոկադան, որը տևեց մի քանի ամիս, իսկ Հայաստանի իշխանությունները լուռ էին։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախը ենթարկվեց հարձակման, և քանի որ այն արդեն ճանաչված էր Ադրբեջանի կազմում, ռուս խաղաղապահները չունեին լեգիտիմ հիմք՝ հայերի պաշտպանության գործառույթ իրականացնելու համար։
Հոկտեմբերի 6-ից հետո կայացավ Երևան-Մոսկվա-Բաքվու ձևաչափով հանդիպումը, որի ժամանակ պետք է ընդունվեր համատեղ հայտարարություն։ Այն խմբագրվեց, քանի որ Արցախն արդեն ճանաչվել էր Ադրբեջանի մաս, ինչի արդյունքում հանվեց այն տողը, թե կարգավիճակի հարցը պետք է թողնել հետագային։
Ստացվեց այնպես, որ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հանդես եկան ընդդեմ Հայաստանի և Արցախի։ Այս պարագայում մենք չէինք կարող դաշնակից ունենալ։ Հետագա իրադարձությունները հանգեցրին ողբերգական հետևանքների և Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտմանը»,- նշեց Անդրանիկ Թևանյանը։









