Հայաստանը մեզ համար կարևոր հարևան է,և պատմությունը վկայում է մեր հարաբերությունների խոր արմատների մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին այսօր հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանի հայ համայնքի ներկայությունը հատկապես սահմանակից հատվածներում խոսում է մեր քաղաքակրթական և մշակութային ընդհանրությունների մասին, ինչպես նաև սահմանի երկու կողմում բարեկամության ամուր կապերի մասին։ Մեր սահմանն անցած տարիների ընթացքում եղել է բարեկամության և ժողովուրդների միջև կապի կամուրջ։
Մենք մեր հարևաններին խաղաղություն և հանգստություն ենք ցանկանում՝ հատկապես Հայաստանին և գտնում ենք, որ իտեգրացիան, ինչպես նաև բարեկամության գործոնները լավագույն գործոններն են անվտանգության պահպանման և զարգացման ուղով շարժվելու համար։
Մենք միշտ պաշտպանել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, և դա մեր քաղաքականությունն է։ Ցանկացած ուժի կիրառման տարածաշրջանում դեմ ենք։ Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս տերություններին բարդացնում է տարածաշրջանային իրավիճակը։
Իրանի համար խաղաղությունը Կովկասում ստրատեգիական առաջնահերություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխության մասին, և մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ դառնալ։
Իրանը ցանկանում է բոլոր ոլորտներում Հայաստանի իր հարաբերությունները զարգացնել և և հասցնել ստրատեգիական մակարդակի։ Մենք մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը՝ հատկապես տնտեսական ոլորտում։ Երկու երկրները տարբեր ոլորտներում՝ մշակութային, բժշկության և դեղագործության, հիանալի համագործակցություն ունեն։
Իրանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ակտիվացման հարցում։ Տարանցիկ երկաթգծի, ցամաքային և ծովային ճանապարհի, սահմանային շուկաների, առևտրի զարգացումը, ազատ տնտեսական գոտիների ստեղծումը համարվում են մեր երկրների համագործակցության ոլորտները»,- նշեց Իրանի նախագահը։