Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն այսօր դատարանի բակում հայտարարեց՝ անընդունելի և անհասկանալի է դատարանի մոտեցումն առ այն, որ առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դառնում խափանման միջոցի հարցը, սակայն ծանրաբեռնվածությունից ելնելով՝ դրա լուծումը հետաձգվում է։
«Սամվել Կարապետյանը շատ կարևոր շեշտադրումներ է կատարել նաև քաղաքացիության վերաբերյալ, որոնց, երևի թե, ամենաշատը հենց իշխանության ներկայացուցիչներն էլ սպասում էին։
Ես ինչ-որ իմաստով իրենց այդ առումով շնորհավորում եմ։Այլ հարց է, որ մեր հանրությունը Սամվել Կարապետյանի խոսքը լսել է նաև վերջին հանրահավաքի ընթացքում՝ տեսաուղերձի շրջանակներում, իսկ այս ապօրինի քաղաքական հետապնդման վերաբերյալ հանգամանքներն, ի վերջո, դռնբացության կարգով են քննվում»,- ասաց Վարդևանյանը։
Ըստ փաստաբանի՝ իրենց համար կարևոր է անգամ մեկ ժամը, որ խափանման միջոցը փոխվի, սակայն արդեն իսկ երկու օրից են զրկվել։
«Տնային կալանքը պետք է վերացվի. այն չի կարող լինել ողջամիտ: Պարոն Դալլաքյանը չի հանդիսանում անկողմնակալ դատախազ։ Այստեղ իրավական պրոցես չենք տեսնում, տեսնում ենք քաղաքական հետապնդում։ »









