Հռոմի Ֆրանցիսկոս Պապը միշտ ուշադիր է եղել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Դա առավելագույնս դրսևորվել էր Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին, երբ նա Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր նշանակելու կոչ էր արել Եվրոպական միության երկրներին: Նորին Սրբությունը միաժամանակ դատապարտել էր Ադրբեջանի 2021 թվի մայիսի և 2022 թվի սեպտեմբերի ագրեսիան՝ ընդդեմ Արցախի Հանրապետության: Նրա սևեռուն ուշադրությունից չէր կարող վրիպել նաև շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամն ու ադրբեջանական զորքերի սեպտեմբերի 19-ի ներխուժումն Արցախ:
Հատկանշական է, որ ռուսական լրատվամիջոցները, TACC-ի գլխավորությամբ, շրջանցելով Ադրբեջանի դատապարտման հանգամանքը, մատնանշել էին, թե Հռոմի Պապն իբր Ռուսաստանի միջնորդության է վերագրել ադրբեջանական ագրեսիաների հաղթահարումը: Մինչդեռ Նորին Սրբությունը ագրեսիան դատապարտելուց զատ, ինչպես հոկտեմբերի 15-ին վկայում է Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը, Արցախում հայկական վանքերն ու եկեղեցիները պահպանելու կոչ է արել Ադրբեջանին:
Ահա թե ինչ է գրել պոլսահայ թերթը դրա առնչությամբ. «Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս Պապն անդրադարձավ սեպտեմբերի 19-ի հարձակումով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Լեռնային Ղարաբաղի քաղաքական վերջին զարգացումներին: Նա հանդես եկավ վանքերի և եկեղեցիների պահպանման կոչով՝ ասելով. «Լեռնային Ղարաբաղին առնչվող մտահոգություններս չեն նվազել: Բացի բռնի տեղահանվածների հումանիտար աղետից, ցանկանում եմ հանդես գալ այնտեղ գտնվող վանքերի և եկեղեցիների պահպանման հատուկ կոչով: Հուսամ, որ դրանք՝ որպես տեղական մշակույթի անքակտելի մաս, ինչպես նաև պաշտամունքի արտահայտության դրսևորում, կարժանան պատշաճ հարգանքի և կպահպանվեն։
Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Ալիևը հոկտեմբերի 15-ին՝ կիրակի օրը, երբ քաղաքամայր Ստեփանակերտում էր, այնտեղ շենքերից մեկի վրա ադրբեջանական դրոշ էր բարձրացվել»:
Հակոբ Չաքրյան