Մեր լուծումները շատ հստակ են. մենք պետք է ունենանք ամուր, ուժեղ բանակ, մոբիլ բանակ։ Մեր ծրագրերի մեջ է նաև մտնում ունենալ տեղում ակնթարթային որոշումներ կայացնելու ունակ զինված ուժեր, զինվորականներ, որոնք կարող են մոբիլ լինել, տեղում որոշումներ կայացնել և կոնկրետ խնդիրներ կատարել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Դրա համար եմ ես ասում, որ մենք իշխանության գալու դեպքում օրենսդրությամբ փոխելու ենք և նախատեսելու ենք, որ չի կարող բանակի ֆինանսավորումը ՀՆԱ-ի 8%-ից ցածր լինել։ Դա նշանակում է, որ պաշտոնավարման առաջին տարվան հաջորդող տարվա բյուջեով մեկ միլիարդ դոլարից ավելի են լինելու մեր բանակի ծախսերը։ Դրանից բացի՝ կես միլիարդ դոլարով ամեն տարի մենք հայկական ընկերություններից նրանց արտադրությունը, զարգացումը խթանելու համար ապահովելու ենք նաև ռազմաարդյունաբերության գնումը։
Երեք պատերազմ բերած, երեք պարտություն կրած, երկրորդ ցեղասպանություն բերած իշխանությանը ընդամենը պետք է ասել, որ պետք է հավաքեն իրենց սրտիկներն ու պաչիկները ու ճանապարհ տան այն մարդկանց, որոնք կարող են իսկապես լուծել այս խնդիրները և ամրացնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այլ ոչ թե Օսիպ Մալդեշտամի «Կիսամարդը» հայտնի հերոսի կերպարով ներկայանան մեր հանրությանը»,- ասաց Թաթոյանը՝ նշելով, որ բանակի ամրացման հարցում կարևորում են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համագործակցությունը։









