Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը Երեւան կժամանի այսօր երեկոյան, հինգշաբթի ճեպազրույցում ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին, ապա այսօրվա միջոցառման ավարտին ես կմեկնեմ օդանավակայան և մի խումբ պաշտոնյաների հետ կմեկնեմ Հայաստանի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները, և այսօր երեկոյան մենք կլինենք Երևանում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ օրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ հայկական կողմն ունի զոհեր նաև խաղաղ բնակիչների շրջանում։ Ադրբեջանը նաև 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանի տարածքից։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։