Մենք ցանկություն չունենք տարածաշրջանը տանել խոշոր պատերազմի, իսկ այն, ինչ անում են գիտակցաբար, թե անգիտակցաբար, թե Ռուսաստանը, թե մերոնք, տարածաշրջանը տանում են պատերազմի. NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանը:
«Երբ Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարարը խոսում են Միջին Ասիայի եւ Կովկասի երկրների ընդհանուր միություն ստեղծելու մասին, Ռուսաստանի տակից հանում են 85 միլիոնանոց շուկա, ՆԱՏՕ-ի սահմանները գալիս, հասնում են մինչեւ Ուզբեկստան, ու պարզ է՝ իրենք ուր են տանում: Հայաստանն այդտեղ ի՞նչ է լինելու: Հայաստանը պետք է կողմնորոշվի. Ռուսաստանը ճիշտ է ասում: Ասում են՝ երկու տարբերակ կա, բայց ես համարում եմ, որ երրորդ տարբերակն է ճիշտ, երկուսի հետ էլ պետք է իր շահերից բխող գործի: Ոմանք կարծում եմ, որ պետք է գնանք մտնենք էդ միության մեջ, Մեղրիով լոգիստիկ ճանապարհ կառուցենք եւ մասնակցենք այդ ամբողջ տնտեսական շարժին, փորձենք ինտեգրվել այդ կառույցին, որ մեր շահերից է բխում: Մեզ ընդդիմանում է Իրանը, որ ասում է՝ դա իմ շահերից չի բխում, դա ինձ համար կարմիր գիծ է: Ես էլ ասում եմ՝ 1989 թվականին դու մեր կարմիր գիծը խախտել ես, հիմա էլ մենք ենք խախտում: Դուրներդ չի գալիս, չէ՞: Դե եթե դուր չի գալիս, Իրանը պետք է բացի իր սահմանները Հայաստանի ապրանքների համար, որ առեւտուր անենք: Հայաստանը այն, ինչը պետք է Մեղրիի ճանապարհով վաստակեր, կորցնում է, դու պետք է դա փոխհատուցես, շուկադ պետք է բացես»,-ասաց նա:
Սամվել Բաբայանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը մեզ արգելեց անգամ փրկիչ մեքենաներ բերել Հայաստան. «Այդ ճանապարհը բացելով մենք զրոյացնում ենք նաեւ Վրաստանի դիրքը: Վրաստանի բյուջեի 40-45 տոկոսը գոյանում է նավթի, գազի եւ այլ ապրանքների տրանզիտից:
Եթե մենք Մեղրիի ճանապարհը տալիս ենք, դա 30 տոկոսով կրճատում է ճանապարհի երկարությունը, ավելի հարթ ճանապարհ է: Հայաստանին 43 կմ տարածքով տրանզիտի համար են փող տալիս, իսկ Վրաստանի տարածքում 460 կմ-ի համար:
Ռուսաստանն ասում է՝ ես հիմա թույլ եմ, ինձ տեղ տվեք այդտեղ, պահակ աշխատեմ այդ ճանապարհի վրա, մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ է ունենալու այդ ճանապարհը, լինելո՞ւ են այնտեղ ռուս սահմանապահներ, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Դա մեր տրանզիտ, սուվերեն տարածքն է լինելու: Այստեղ հարցն այլ է: Այդտեղ եղել է երկաթուղի, բայց չի եղել ավտոճանապարհ, մենք նորովի այն պետք է կառուցենք: Ադրբեջանն ասում է՝ եկեք մեքենայի ճանապարհ կառուցենք:
Հայաստանը պետք է իր դիրքորոշումը հստակեցնի: Եթե Հայաստանն ընտրում է Ռուսաստան-Վրաստան, Հայաստան-Իրան ճանապարհը, ոչ թե Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ճանապարհը, այդ դեպքում Ադրբեջանն ասում է՝ 4 գյուղը անհապաղ կտաք: Հետո դնելու է անկլավների հարցը, եւ լարվածությունը շարունակվելու է: Եթե ընտրում ենք երկրորդ տարբերակը, մենք ավտոմատ մնում ենք բլոկադայի մեջ: Այսօր ոչ թե Ադրբեջանը պետք է մեզնից երաշխիք ուզի, թե ոնց է մեր տարածքով 43 կմ անցնելու, այլ մենք պետք է իրենցից երաշխիք ուզենք, թե իրենց տարածքով 600 կմ ոնց են անցնելու մեր մեքենաները, մեր քաղաքացիները: Եթե մենք գնանք այս տարբերակով Վրաստանը դառնալու է մեզ թշնամի, նույնը՝ Իրանը: Այդ դեպքում հարց է ծագում՝ մենք որտեղո՞վ ենք շարժվելու:
Հիմա եթե մենք սա չենք գիտակցում, դա բերելու է պատերազմի: Միջին Ասիան եւ Կովկասը 85 միլիոնանոց շուկա է, որը հիմա հանում են Ռուսաստանի տակից՝ իր ամբողջ հարստություններով»,- ընդգծեց Արցախի նախկին պետնախարարը: