Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող դիմակայել սպառազինությունների մրցավազքին, անգամ՝ Արևմուտքի օգնությամբ։ «Հայաստանը մեզ հետ սպառազինությունների մրցավազքին չի դիմանա, նույնիսկ, եթե Արևմուտքից մեծ մասը ստանում է անվճար կամ վարկով»,- ասել է Ալիևը Կիսելյովին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, այս իրավիճակը «կործանարար ճանապարհ է» Հայաստանի համար։
Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանին Ֆրանսիայի մատակարարած զենքին՝ նշելով, թե ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային կայանքները չեն կարող հակակշռել Ադրբեջանի զինուժի ուժը. «Այն զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր սպառազինություն է: Այն գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար, չենք կարող անտարբեր լինել»,- ասել է նա։։
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է հասկանա, որ ոչ ոք չի աջակցի նրան, եթե նա սադրանքներ սկսի Ադրբեջանի դեմ. «Եթե նրանք մեր դեմ հերթական սադրանք ծրագրեն, նրանց ոչ ոք չի օգնի»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն օգնի Հայաստանին Բաքվի դեմ սադրանքների դեպքում։