«Շրջափակում չեմ տեսել, ականատես եմ եղել, թե ինչպես են մեքենաներն անարգել անցնում»,- ադրբեջանական Report-ին ասել է Սպիտակ տան Ami Magazine-ի ավագ թղթակից Ջեյք Թըրքսը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն օրական մի քանի տասնյակ հրապարում են անում՝ ներկայացնելով Բերձորի միջանցքի՝ իրենց ձևակերպմամբ՝ Խանքենդի-Լաչին ճանապարհին էկոակտիվիստների բողոքի ցույցերի «արդարացի լինելը»։
Հայկական զլմ-ները գրում են՝ Բերձորի միջանցքի փակ լինելու պատճառով 120 հազար արցախցի արդեն 80 օր շրջափակված է, հումանիտար ճգնաժամի մեջ՝ ցեղասպանվելու վտանգի տակ, իսկ ադրբեջանական մամուլը միևնույն ժամանակ խնդիրը ներկայացնում է զուտ բնապահպանական տեսանկյունից՝ դժգոհելով, որ աշխարհն անգութ է 80 օր «Խանքենդի-Լաչին ճանապահին, անբարենպաստ պայմաններում բողոքի արդարացի ձայն բարձրացնող էկոակտիվիստների նկատմամբ»։
Ադրբեջանական մամուլը տեղեկություն է հրապարակում, թե իբր Բերձորի միջանցքով օրական անարգել անցնում է 10, 50, 70 ավտոմեքենա, այդ թվում՝ ռուս խաղաղապահների։
Ադրբեջանական կողմը միջազգային լրատվամիջոցների լրագրողների համար «ճամփորդություն ու իրազեկման ակցիաներ» է կազմակերպում։
Ադրբեջանական Report-ին հարցազրույց տված լրագրող Ջեյք Թըրքսը, որը հրեա է, հավելել է. «Ես նույնիսկ որոշակի հիասթափություն եմ զգում, քանի որ այդքան երկար տարածություն եմ անցել, հասել եմ այստեղ, բայց չեմ կարողացել տեսնել ճանապարհի շրջափակումը։ Իսկ աշխարհը պնդում է, թե այն փակ է»։
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը նույնպես ադրբեջանական Report-ին «վկայություն է տվել», թե փակ ճանապարհ չի տեսել։
Report-ը նույն հոդվածում հաղորդում է. «Ադրբեջանի՝ Ղարաբաղի շրջանում՝ Խանքենդի-Լաչին ճանապարհին, ընդդեմ օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման՝ բողոքի ակցիան շարունակվում է արդեն 80 օր։
2022 թվականի դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուսական խաղաղապահների հրամանատարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում կասեցվել է էկոնոմիկայի, բնապահպանության և բնական պաշարների նախարարություններից, էկոնոմիկայի նախարարությանն առընթեր պետական գույքի ծառայության և AzerGold-ի մասնագետներից կազմված պատվիրակության աշխատանքը։ Բաժնետիրական ընկերությունը պետք է Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման նախնական մոնիտորինգ իրականացներ։ Սակայն խաղաղապահների անգործության պատճառով դիտարկումը չի իրականացվել»։