Ադրբեջանը հերթական ճնշումներն ու խոշտանգումներն է իրականացնում հայ գերու նկատմամբ․ այս անգամ գերեվարված Գագիկ Ոսկանյանին է մեղադրում իբր դիվերսիոն գործողություն իրականացնելու մեջ։
Պատերազմական հանցագործ, օկուպանտ, ցեղասպան, մարդու իրավունքներին վերաբերող բոլոր կոնվենցիաները խախտող ու արհամարհող Ադրբեջանն իրավունք չունի ռազմական գործողությունների ավարտից հետո գերի ու պատանդ պահել հայերին։ Նա պարտավոր է բոլորին ազատ արձակել, մինչդեռ 2020 թվականից հետո բազմիցս հայերի է առևանգել, որոնց ևս օգտագործում է քաղաքական նպատակներով։
Ու քանի որ Հայաստանի իշխանությունները գերիների վերադարձի հարցը մղել են 10-րդ պլան, փոխանակ քաղաքական բոլոր գործընթացները, հանդիպումները, պայմանավորվածությունները կասեցնեն, քանի դեռ հայ գերիներն ու պատանդներն ազատ չեն արձակվել, իրենք էլ են Բաքվին գերի դարձել ու խնդիրը իրավական դաշտից տեղափոխել քաղաքական դաշտ։ Իբր եթե քաղաքական որոշումները նպաստավոր լինեն, գերիներն էլ ազատ կարձակվեն։ Միֆ, խաբկանք, ժողովրդին կերակրելու հերթական սուտը, մանիպուլյացիան։
Հազար անգամ ո՛չ. իրավապաշտպաններն են ահազանգում՝ պահանջեք գերիներին ազատ արձակել, այլապես չեք մասնակցի ոչ մի քաղաքական գործընթացի, պահանջեք օտար երկրներից ներազդել, ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, այլապես նրանց հետ էլ ոչ մի հանդիպման չեք գնա։
Չեք արել, չեք անում ու անելու մտադրություն չունեք նաև ապագայում։
Հիմա էլ Գագիկ Ոսկանյանի ճակատագիրն է խեղվում Բաքվի բանտերում, հիմա էլ նրան են դատարաններ քարշ տալու՝ իբրև դիվերսանտ։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր գրել են. «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել օգոստոսի 16-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի Քալբաջարի շրջանի տարածքով անցնող հատվածում ադրբեջանական պետական սահմանի դիվերսիոն խախտման դեպքի առթիվ։ Ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանի զինված ուժերի հետախուզական խումբ է գործել։
Այս անօրինական գործողությունները կանխելու ժամանակ կալանավորված ՀՀ զինված ուժերի զինծառայող Ոսկանյանը որպես մեղադրյալ ներկայացվել է քրեական օրենսգրքի 206.3.2, 214.2.1, 214.2.3 և 318.2 հոդվածներով, դատարանը կալանքն ընտրել է որպես խափանման միջոց»։
Գագիկ Ոսկանյանի քրեական գործով դատական նիստը պետք է այսօր լիներ, սական նրան դատարան չեն բերել։ Ինչո՞ւ. ադրբեջանական կողմը պատճառը չի նշել։ Դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 4-ը։