«Այս տարի հայկական հողի վրա ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունն ավելի վաղ հաստատվել էր նաև Երևանում։ Ներկայում ՀԱՊԿ քարտուղարությունը Կազմակերպության կողմից սահմանված կարգով հայկական կողմից ծանուցումներ չի ստացել այդ զորավարժությունների չեղարկման մասին»,- ասված է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հունվարի 10-ին՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից անմիջապես հետո, ՀԱՊԿ-ը և ռուսական կողմը պարբերաբար հաղորդագրություններ են տարածում՝ արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությունը, որ Երևանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի գտնում այս տարի ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում:
«Մենք ըմբռնումով ենք վերաբերվում Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին, որը չի կարող թույլ տալ այս տարի լիարժեք իրականացնել նախատեսվող ՀԱՊԿ զորավարժությունները», – հավելել է ՀԱՊԿ քարտուղարությունը։
Ըստ հաղորդագրության՝ ՀԱՊԿ քարտուղարությունը և Միացյալ շտաբը գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի կազմակերպության կանոնադրական մարմինների կողմից հաստատված «Անխախտելի եղբայրություն-2023» զորավարժությունների մարտական պատրաստության պլաններն ամբողջությամբ իրականացվեն՝ ի շահ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման։






