Azg.am-ի զրուցակիցն է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
-Պարո՛ն Մխիթարյան, ԿԳՄՍ-ն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Արդյոք նույն տրամաբանությամբ «Հայոց լեզու» առարկան էլ պետք է վերանվանվի «Հայաստանի լեզու»։
-Նախևառաջ ասեմ, որ շատ տարակուսած եմ այն արագությունից, որը հետևեց քաղաքական գործչի (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝խմբ.) կողմից նշված թեմայի արծարծմանը։ Այդ հարցը բարձրացնելու հաջորդ օրն իսկ ԿԳՄՍՆ-ն արդեն պատրաստի նախագիծը տեղադրեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական https://www.e-draft.am/ կայքում՝ քննարկման։
Ուղղակի ապշեցուցիչ է. եթե նույն արագությամբ կազմակերպվեին այն բոլոր մտքերը և գաղափարները, որոնք վերաբերում են կրթության ոլորտի բարեփոխումներին, մենք հաստատ այս վիճակում չէինք լինի։ Իսկ այն ամենը, ինչ խաթարում է մեր ազգային մտածողությունն ու արժեքները, շատ մեծ արագությամբ մտնում է գործածության մեջ։
Անդրադառնալով բուն թեմային՝ կարող եմ ասել՝ տրամաբանությունը թելադրում է, որ «հայոց» բառն ավելի լայն է, քան Հայաստանը, որովհետև «հայոց»-ն իր մեջ ներառում է և՛ Հայաստանը, և՛ հայերին։ Արդյոք այն պատմությունը կամ լեզուն, որ ուսումնասիրում ենք, չպետք է ներառի նաև այն հայերին, որոնք Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս են բնակվում։ Իդեպ, վերջիններս մի քանի անգամ շատ են Հայաստանում բնակվող հայերից։
Իհարկե, սա ընդունելի չէ։ Այդպիսի կեղծ նորամուծություններն օրակարգ բերելով, այդ թեմայի շուրջ քննարկումներ կազմակերպելով՝ ավելի շատ նպատակ կա հիմնական խնդիրներից մարդկանց շեղելու։ Բայց արդյոք հիմա դրա ժամանակն է՝ ընդ որում կեղծ թեզերով։
Ի՞նչ է նշանակում «Հայաստանի պատմություն»։ Այն մարդիկ, որոնք «Հայոց պատմություն»-ը փոխելու են «Հայաստանի պատմության», պետք է ասեն՝ այժմ դպրոցներում ուսումնասիրվող «Հայոց պատմություն»-ից ի՞նչ է դուրս մնալու։ Արդյոք ամեն ինչ պետք է դուրս թողնեն, ինչ որ չի վերաբերում Հայաստանի Հանրապետությանը, և արդյոք այդ պատմությունն պետք է սկսվի 1918 կամ 1991 թվականներից։ Իսկ այդ ամենից առաջ ի՞նչ ենք ունեցել։ Այսինքն՝ ամեն ինչ մոռանում ենք, ջնջում ենք և սկսում ենք զրոյից։
Իդեպ, խորհրդային տարիներին դպրոցներում «Հայոց պատմություն» առարկան կոչվում էր «Հայ ժողովրդի պատմություն», իսկ անկախությունից հետո գիտնականների և ակադեմիկոսների խումբն առաջարկել է այն փոխել «Հայոց պատմությամբ», և այդ մարդիկ էին, որ ավելի խորն էին մտածում և հասկանում՝ Հայաստանի պետականության պատմությանը զուգահեռ՝ մենք պետք է շատ լավ իմանանք նաև հայ ժողովրդի պատմություն, իսկ դրանց միասնությունը կլիներ հենց «Հայոց պատմությունը»։
Այսինքն՝ հիմա ովքե՞ր են որոշելու, որ ակադեմիկոսներ Բարխուդարյանի, Սիմոնյանի կարծիքը պետք է մի կողմ դնել և ինչ-որ նորելուկների կարծիքով՝ ընդ որում քաղաքական մեծ ազդեցության հիմքով, փոխել առարկայի անումը։
-Պարո՛ն Մխիթարյան, արդյոք «Հայոց պատմություն» առարկայի վերանվանման և հանրակրթական դպրոցներից ավտոմատ հետկանչման պատրվակով ԿԳՄՍՆ-ն իրականում նպատակ չունի սահուն կերպով շրջանառությունից դուրս բերել պատմության 7-րդ դասարանի վիճահարույց դասագիրքը։
-Չեմ կարծում, որ այդքան մանրախնդիր են։ Եթե այսքան մեծ գործ է արվում (ըստ էության՝ ամբողջ մի ժողովրդի պատմության վերանայման, արժեքային համակարգի փոփոխության մասին ենք խոսում), չեմ կարծում, որ սա առիթ է ընդամենը մեկ դասարանի դասագրքի դուրսբերման։ Չնայած որոշման ընդունման պարագայում ստացվում է, որ այո՛, բոլոր դասարանների դասագրքերը նորից պետք է գրվեն, որովհետև չափորոշիչները և նպատակակետը կփոփոխվեն։
-Հայտնի է, որ «Հայոց պատմություն-7» դասագրքի միայն տպագրման և առաքման համար պետբյուջեից 33 մլն 712.800 դրամ է ծախսվել։ Դասագրքի հնարավոր հետկանչման պարագայում ինչպե՞ս պետք է ԿԳՄՍՆ-ը բացատրի կամ կոմպենսացնի այդ ծախսերը։
-Գիտեք, այդպիսի այնքան հարցեր կան։ Անցած տարվա ընթացքում տասնյակ միլիոնավոր դոլարներ տրվեցին առաջատար տեխնոլոգիաների այնպիսի կազմակերպությունների, որոնք գումարը ստանալու հաջորդ օրը փակվեցին։ Դրա համար որևէ մեկը մինչև հիմա պատասխանատվության չի ենթարկվել։ Եթե այդպիսի գործընթաց լինի, պետք է բոլորին պատասխանատվության կանչել։ Սա փորձադաշտ չէ, խաղուպար չէ՝ այսօր այսքան գումար ծախսենք, վաղը՝ նորից այդքան՝ ինչ-որ բաներ փոփոխելու համար։
Այս ամենը ջարդվում է կրթության ոլորտի գլխին, որը պետք է լինի ամենապահպանողականը և քիչ փոփոխվողը, որովհետև ցանկացած փոփոխություն շատ մեծ ազդեցություն է ունենում և հետ փոխելու համար ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ պետք է ծախսենք, նաև՝ հսկայական ֆինանսական միջոցներ։
– ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օրերս հանդիպել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին: Ըստ Ձեզ՝ անկախ փորձագետների դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի. կհամարձակվե՞ն նախարարությանը դեմ գնալ։
-Տեսնենք՝ կհամարձակվեն, թե ոչ։ Եթե ավելի լայն խորապատկերի բվրա դիտենք, այնպես չէ, որ մեր մտավորականներն այդ մասին շատ են բարձրաձայնել։ Կարելի է մատների վրա հաշվել մարդկանց, որոնք հարցի շուրջ տեսակետներ են հայտնել։
Եթե այդ խումբն այլ կարծիք չարտահայտի, չեմ զարմանա, որովհետև ընդհանուր մթնոլորտը Հայաստանում ուղղակի անտանելի է։ Ես չգիտեմ՝ մարդիկ ինչ են մտածում. ավելի հեշտ է իրենց արժեքները կորցնե՞լ կամ փոխե՞լ, քան թե դրանց համար պայքարե՚՞լ։
Դրա համար էլ կրկնում եմ, չեմ զարմանա, եթե այդ մասին ոչինչ չասեն կամ ասեն՝ նորմալ է։
–Ի՞նչ ընդհանուր միտում եք տեսնում ԿԳՄՍՆ-ի և անձամբ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման մեջ ` փոխելու «Հայոց պատմություն» առաևկայի անվանումը (հենց Փաշինյանի հայտարարությունից հետո Կառավարությունն առաջարկեց դպրոցական «Հայոց պատմություն» առարկան վերանվանել՝ դարձնելով «Հայաստանի պատմություն»):
– Հիմա ես ավելի վտանգավոր բան եմ տեսնում, մինչդեռ իշխանությունն այդ վտանագավոր բանի մասին նոր է գլխի ընկել։ Դա այն է, որ մեր դավանած արժեքներն ամբողջությամբ արտացոլված են ՀՀ Սահմանադրության մեջ, և հիմա, ըստ էության, ուզում են հենց այդտեղից սկսել։ Այսինքն՝ այն, ինչ դրված է մեր պետականության հիմքում, ուզում են փոխել։ Այս վտանգավոր միտումի դեմ պետք է գործողություններ ձեռնարկվեն։ Դպրոցական առարկայի անվան փոփոխությունը ընդհանուր գործընթացի միայն երևացող մասն է։ Այժմ ամենակարևոր արժեքներին են հասել։