Երեխաների համար ոչինչ չի արվում ՝զանգ, նամակ, կարգավիճակի հստակեցում։ Երեկ Ալեն Սիմոնյանը Թուրքիայում հայտարարեց, որ առնվազն 33 գերի ունենք Բաքվում։
Իսկ անհետ կորածնե՞րը։ Նրանց վերաբերյալ ոչինչ չի ասվում, արդեն 9 ամիս՝ ոչ մի հարթակից ոչ մի տեղեկություն չունենք։ Կառավարությունից ես բացարձակապես ակնկալիք չունեմ. ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ հանդիպմանը անհետ կորած զինծառայողների հետ կապված խնդիրը ներկայացրեց Սերգեյ Արևշատյանը։
Պատկան մարմինների դռները թակել են, բոլորն ասում են՝ աշխատում ենք, անում ենք։ Բայց փաստացի ոչ մի արդյունք չկա։ Անհետ կորած զինծառայողի հարազատ Սերգեյ Արևշատյանը հետաքրքրվել է ու իմացել, որ իր եղբերորդին Ադրբեջանում է՝ գերության մեջ, բայց նա համարվում է անհետ կորած։
Ծնողները ձեռքները ծալած նստած չեն, ջանում են կապեր ստեղծել, տեղեկություն իմանալ իրենց որդիների մասին։ Ու իմացել են՝ երեխաները ողջ են։
«ԴՆԹ-երը որ տալիս են, դա էլ է սուտ։ Համընկնում չկա, սուտ է։ Հստակ ինֆորմացիա ունենք, որ Բաքվում շատ երեխեք ունենք, շա՜տ, բայց ոչինչ չի արվում արդեն 3 տարի»,- խոսքն ավարտեց Սերգեյ Արևշատյանը։
Բայրամյան Հարությունի մասին 2020 թվականի հոկտեմբերի 24-ից ոչ մի լուր չկա։ Ծնողներին ասել են՝ ձեր որդին անհետ կորած է։
2,5 տարի սեփական հետաքննությունն են անց կացրել, ապացույցներ ձեռք բերել, այդ թվում՝ տեսագրություններ, որ իրենց որդին ողջ է, Բաքվում գերի է։ Ապացույցները ներկայացնում են պատկան մարմիններին, բայց վերջիններես չեն հավատում դրանց ու իրենց ասածն են առաջ տանում։ Ինչո՞ւ պետությունը չի հստակեցնում գերիների թիվը, մեկ ասում է՝ 33, մեկ՝ 103. հետո՝ 200 ու այսպես շարունակ։
303 անհետ կորածի մասին է հայտնում Կարմիր խաչը, ո՞վ է ում ձեռքը բռնում, որ չեն հայտարարում՝ Ադրբեջանում ոչ թե 33, այլ շատ ավելի գերիներ ունենք։ Պետությունը ոչ հաստատում է, ոչ էլ հերքում է 303 թիվը։