Փետրվարի 20-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, բանակի գեներալ Գրիգորի Խաչատուրավը, որպես մեղադրյալ, ձերբակալվել է և ներկայացվել դատարան, որպեսզի քննվի նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
«Մի քանի գործ է հարուցվել ու իրար միացվել. հիմնականը փողերի լվացումն է։ Գույք ձեռքբերելը որակվել է որպես փողերի լվացում։ Գործը վաղեմության ժամկետ ունի՝ 14 տարի առաջ կատարվածի մասին է խոսքը։
Արարատի մարզի Արմաշ համայնքում գտնվող հողատարածքն, ըստ Գլխավոր դատախազության, 2009 և 2016 թթ Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ բանկում գրավադրել է և գումար ստացել։ Իրաականում Վանաձորում Գրիգորի Խաչատուրովին պատկանող գույքն է գրավ դրվել 18 միլիոն դրամով, իսկ այս հողատարածքը որպես լրացուցիչ գրավի միջոց է պահանջվել բանկի կողմից»,- խնդիրը բացատրեց Գրիգորի Խաչատուրովի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանը։
Գլխավոր դատախազն ԱԺ-ում ասում էր, որ այդ գույքն անօտարելի է եղել։ Փաստաբանը մեկնաբանում է. «Եթե գործարքը կնքվել է օրենքի շրջանցմամբ, դա դեռ բավարար չէ, որպեսզի համարվի, որ փողերի լվացում է տեղի ունեցել։ Բայց այս պայմաններում, երբ գույքը գրավից ազատ է, առաջնային ձեռքբերողը մինչև հիմա այն չի օտարել, չի վաճառել, փողերի լվացման մասին խոսելը ծիծաղելի է»։
Փաստաբանը տեղեկացրեց, որ Գրիգորի Խաչատուրովը սրտանոթային հիվանդությունների հետ կապված դեղորայք է ընդունում, կալանավորվելու պատճառով դրանք մինչև հիմա չի ընդունել։ Նա նաև սնունդ չի ստացել։