Արցախում փետրվարի 18-ից մեկնարկել է պարենային մի շարք ապրանքներ ձեռք բերելու համար նախատեսված կտրոնների տրամադրումը:
Արցախի կառավարության տեղեկագիրը 69 օր շրջափակված Արցախի մասին հայտնում է, որ արցախցիները կանգնել են պարենի անբավարարության սուր խնդրի առջև, և կառավարությունը կիրառում է կտրոնային համակարգ՝ առաջնային նշանակության պարենային ապրանքները առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով։
Արցախի բնակիչները հնարավորություն ունեն Ստեփանակերտի և շրջանների խանութներից կտրոններով գնել շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև լվացքի փոշի՝ ըստ կառավարության սահմանած ժամանակացույցի։
Ստեփանակերտ քաղաքի 700 ընտանիքի տրամադրվել են փայտի վառարաններ, Ստեփանակերտի և շրջանների պոմպային ջրամատակարարման համակարգի համար ձեռք են բերվել և տեղադրվել դիզելային գեներատորներ և էլեկտրական մարտկոցներ, ինչը կանոնավոր էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում կարևոր նշանակություն ունի համակարգի անխափան աշխատանքի համար:
Ըստ թարմացված տեղեկությունների՝ 4 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 267 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 105 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5 100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 27 200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: