Ես գիտեմ, որ իմ մահից հետո գերեզմանիս աղբ են լցնելու,բայց պատմության քամին անխնա քշելու է այն։
Իոսիֆ Ստալին
Պրահան դարձել է հայկական խայտառակության խորհրդանիշ. գում է Հայ ազգային ռամկավար կուսակցության վարչության անդամ, վերլուծաբան Հրայր Կամենդատյանը։
Azg.am-ը ներկայացնում է նրա նոր հոդվածը՝ ՀՀ առաջին դեմքի ամոթից զուրկ անգրագիտության հերթական դրսևորման ողբալի պատկերը։
Հերթական անգամ Պրահայում բացահայտվեց, որ ՀՀ ղեկավարի աթոռը զբաղեցնողն ընդհանրապես չունի գիտելիք։ Այս անգամ գավառական անգրագիտությունը դրսևորվեց ֆաշիզմի դեմ մեծ հաղթանակի ճարտարապետ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինի մասին նրա տարածած անհեթեթ հայտարարություններով։
Առաջնորդ, որի ղեկավարությամբ աշխարհը փրկվեց հիտլերյան ախտից։
Հաղթանակից 78 տարի անց, սեփական կապիտուլյացիան մոռացած անձը սառնասիրտ, բոլշևիկյան մարտիկ, խիզախ, արկածային կյանքով ապրած, աքսորներ տարած, բանտերում աննկուն պայքարած Ստալինին Հայաստանի վարչապետը ներկայացնում է որպես թուլամորթ, հիստերիկ, վախկոտ մի կապիտուլյանտի։
Պրահայի հայ համայնքի ներկայացուցիչներին ասվում է հետևյալը՝ պատերազմը սկսվելուց հետո, Ստալինը երեք օր բերնաքսիվայր պառկած է եղել, և երկիրը ղեկավար չի ունեցել, մինչև նրան ուշքի են բերել ինչ-որ անձիք։
Ընդամենը ներկայացնենք իրական պատմությունը։
Առաջնահերթ պետք է հիշատակել, որ 1923 թվականից սկսած՝ Ստալինի բոլոր հանդիպումների և այցելուների տվյալները՝ րոպե առ րոպե, գրանցվել են, և այդ գրանցումները ներկայում պահվում են ՌԴ նախագահի արխիվում։ Դրանք գաղտնազերծվել են 1990 թվականից հետո։
Ըստ այդ գրանցումների՝ 1941 թվականի հունիսի 21-ին Ստալինն օրվա ընթացքում հան դիպել է Վորոշիլովի, Բերիայի, Մոլոտովի, Մեխլիսի հետ։
Հանդիպումները շարունակվել են մինչև գիշերվա 5։30։
Հունիսի 22-ին՝ ժամը 16։30 սկսած, Ստալինի մոտ եղել են Ժուկովը, Մոլոտովը, Վորոշիլովը և այլ ղեկավարներ։
Խորհրդակցությունները շարունակվել են 18։39-ից մինչև գիշերվա 1։24: Հետագա օրերին Ստալինը սերտ շփման մեջ է եղել ռազմական, կուսակցական, քաղաքական ակտիվի հետ, անդադար աշխատել է։
Հիմա որևէ մեկը կարո՞ղ է ասել, թէ ՀՀ անունից Պրահայում ճամարտակողը որտեղից է իմացել երեք օր բերնաքսիվայր պառկած Ստալինի մասին խայտառակ պնդումը։
Այսպիսի զազրելի սուտ իր ժամանակին տարածել է Նիկիտա Խրուշչովը, որը պատմել է իբրև թե Մինսկ քաղաքի անկումից հետո Ստալինը մեկուկես օրով հեռացել է ու եղել ամառանոցում և իբր թե Բերիային ասել է, որ Լենինը մեզ ժառանգություն էր թողել հզոր երկիր, իսկ մենք այն կործանման հասցրինք։
Խրուշչովի հնարած պատմությանը հավատ չի ներշնչում, որովհետև այդ օրերին նա ընդհանրապես Մոսկվայում չի եղել. Ուկրաինայի առաջին քարտուղարն էր և գտնվում էր ռազմաճակատում։
Հետագայում ստախոս Խրուշչովը հայտարարեց, որ Ստալինի դեպրեսիվ վիճակի մասին լսել է Ժուկովից, սակայն մարշալ Ժուկովն իր հուշագրության մեջ բացարձակ ժխտում է Խրուշչովի պատմածը։
Որոշ պատմաբաններ հիշատակում են սակայն, որ 1941 թվականի հունիսի 29-հուլիսի 1 ընկած ժամանակահատվածում Ստալինը իսկապես գտնվել է ամառանոցում, որտեղ նրան այցելել են Մալենկովը, Ժուկովը, Միկոյանը, Բերիան, և այդ այցերի արդյունքում որոշում է կայացվել ստեղծել պաշտպանության կոմիտե՝ Ստալինի գլխավորությամբ։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ պատերազմի առաջին օրերին Ստալինի վարքի և աշխատանքային առօրյայի մասին։
Իսկ «դեպրեսիվ, հիստերիկ, վախկոտ, բերնաքսիվայր թավալ տվող» Ստալինի մասին տգիտ որակումներին ու զրպարտությանն ի պատասխան՝ հիշեցնենք, որ Մոսկվայից 14 կմ հեռավորության վրա գտնվող ֆաշիստական զորքերը չեն վախեցրել Ստալինին, և նա հրաժարվել է թիկունք՝ դեպի Կույբիշև էվակուացման առաջարկից։
Որպես վերջաբան՝ ամփոփեմ։
Պրահայում նորից ապացուցվեց, որ ՀՀ թիվ մեկ պաշտոնյան չունի քաղաքագիտական, պատմական, ճանաչողական գիտելիքների պաշար։
Այս ամենից բացի, նա մոռացել է, որ օրեր անց մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ այն ղեկավարին, որը Ստալինի անձի վերաբերյալ ունի ակնհայտ հիացական վերաբերմունք։
Պարզապես ամո՛թ։