Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ինքնակամ հանձնվել էր ադրբեջանցիներին, հայտնել, որ Ստեփանակերտից գնում է Շուշի։
Ադրբեջանի դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվել Դավիթ Բաբայանին։
«Քննությամբ պարզվել է, որ Դավիթ Բաբայանը զբաղվել է ազգային վեճ և ատելություն քարոզող գործունեությամբ, ինչպես նաև համակարգել է ահաբեկչական խմբավորումների գործողությունները։
Քննությունը հիմնավոր կասկածներ ունի, որ Դավիթ Բաբայանը ներգրավված է եղել ահաբեկչության հետ կապված հանցագործությունների կազմակերպման մեջ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով խաղաղ բնակիչներով բնակեցված անպաշտպան բնակավայրերի գնդակոծմանը, մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի Հանրապետության Գյանջա քաղաքի գնդակոծմանը»,-նշված է հայտարարության մեջ։
Նշենք, Դավիթ Բաբայանի դեմ քրեական գործ է հարուցվել 2020 թվականի հոկտեմբերի 28-ին․ նա միջազգային հետախուզման մեջ էր։