Հուսիները Եմենից մի քանի անօդաչու թռչող սարք են ուղարկել Իսրայելի ուղղությամբ:
Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից Իսրայելի վրա «խոշոր հարձակման» օպերացիային դիմագրավելու. NBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Մոտավորապես 400-ից 500 հրթիռներ կարձակվեն Իրաքից, Սիրիայից, հարավային Լիբանանից և այլ տարածքներից դեպի Իսրայել, բայց դրանց մեծ մասը կարձակվի Իրանից. ABC News-ին հայտնել է ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան։
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա «խոշոր» կլինի, և կառավարական կառույցները կարող են թիրախավորվել։
Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերը սկսել են որսալ իրանական անօդաչու սարքերը Սիրիայի և Հորդանանի երկնքում, հայտնում է իսրայելական Channel 12 հեռուստաալիքը, գրում է Times of Israel-ը։
Դա հնարավոր է դարձել ԱՄՆ-ի և տարածաշրջանային դաշնակիցների կողմից ստեղծված «օդային հովանոցի» շնորհիվ։
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Պաղեստինցիները տոնում են Ալ-Աքսա մզկիթում՝ իրանական հրթիռային հարձակման լուրը լսելուց հետո. հայտնում է Tasnim-ը։
Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին X սոցիալական ցանցում հայտնել է, որ Իսրայելը կպատժվի։
Հաղորդագրությունը հայտնվել է Իսրայել իրանական անօդաչու թռչող սարքերի արձակման մասին տեղեկատվության ֆոնին՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման։
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ է արձակել Գոլանի բարձունքներում Իսրայելի հակաօդային պաշտպանության ուղղությամբ:
Եգիպտոսի հակաօդային պաշտպանության ուժերը գտնվում են առավելագույն պատրաստվածության մեջ Իրանից Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի արձակման մասին հաղորդումներից հետո:
ՄԱԿ-ի Իրանի առաքելությունը Իսրայելի վրա հարձակման մասին. սա հակամարտություն է Թեհրանի և Թել Ավիվի միջև, ԱՄՆ-ը պետք է հեռու մնա։