«Միասին» հասարակական-քաղաքական շարժումն է առաջարկել Էդգար Ղազարյանի թեկնածությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն էլ պաշտպանել են այդ թեկնածությունը։
Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին, որտեղ ներկայացվում էր Էդգար Ղազարյանի թեկնածությունը, ընդդիմադիր խմբակցություններից որևէ պատգամավոր ներկա չէր։ ՔՊ-ականները հարց ուղղեցին՝ իսկ որտե՞ղ են Էդգար Ղազարյանին առաջադրած ընդդիմադիր պատգամավորները։
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պատասխանեց՝ նիստերի դահլիճում աշխատում են։
Գևորգ Պապոյանը արձագանքեց՝ Էդգար Ղազարյանի ինքնակենսագրական տեքստը, որ կարդաց Թագուհի Թովմասյանը, նարցիզմով տառապող մարդու տեքստ էր։
ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը վրդովվեց, թե ՄԻՊ-ի թեկնածուն տեղից արձագանքում էր, երբ Պապոյանը խոսում էր։ Կրքերը թեժացան։
«Դուք դավաճանեցիք մեր խմբակցությանը»,- ռեպլիկ արեց քպ-ական Արթուր Հովհաննիսյանը։
«Դավաճանը դուք եք»,-պատասխանեց Թագուհի Թովմասյանը։







