Արմավիրի մարզի Քարակերտ-Դալարիկ հատվածում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից. հայտնում է Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) մամուլի ծառայությունը։
36 վագոնանոց գնացքը մասամբ բեռնված է եղել ցեմենտի հումքով։ Կային նաև դատարկ վագոններ։ Զոհեր և վիրավորներ չկան։ Բացի գնացքից, վնասվել է նաև երկաթուղային գիծը։ Ներկայումս ընկերությունն իրականացնում է վթարի վերականգնման աշխատանքներ։ Վթարի հետեւանքները կվերացվեն երկու օրվա ընթացքում։
Այդ ժամանակահատվածում երկաթգծի այդ հատվածի երթևեկությունը կդադարեցվի։ Չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային երթևեկը։
Միջադեպի պատճառները պարզելու համար կատարվում է քննություն։ ՀԿԵ-ն հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։