Դա ընդամենը մի դրվագ էր, որն արտահատում էր պետական կառավարման համակարգի ողջ սնանկությունը, ինչպես գրողը կասեր՝ ամբողջ համակարգի պերճանքն ու թշվառությունը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը:
«Մարդիկ ինքնախոստովանություն արեցին կամ հանցագործության բացահայտում: Եթե մենք նորմալ իրավական համակարգ ունենայինք, տեղում պետք է հաղորդում տային կամ ներկայացնեին, որևէ վարույթ սկսեին: Որովհետև բացահայտ հաղորդում է տրվել, ընդ որում՝ երկու կողմից: Դեռ ինչե՞ր կարող են բացահայտվել, եթե մի քիչ էլ իրար, այսպես ասած, հրահրեն: Շատ բաներ կխոսեն»,-նշեց Սրբազանը։
Լրագրողները միաժամանակ հարց ուղղեցին Սրբազանին ՝ հնարավո՞ր է, որ այսօր հանդիպի ՔՊ պատգամավորների հետ։ Վերջինս ի պատասխան նշեց, որ ՔՊ-անների ցանկությունն է՝ կուզեն՝ կհանդիպի, չեն ուզի՝ չի հանդիպի։
Նշենք, որ Բագրատ Սրբազանն Ազգային ժողովում է՝մասնակցելու «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը:
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժամին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև ընդհարում տեղի ունեցավ։ Նրանք վիրավորեցին միմյանց և քիչ էր մնում բանը հասնի բռունցքների: