Աղազարյան-Քյարամյան վեճն ընդամենը մի դրվագ էր, որն արտահատում էր պետական կառավարման համակարգի ողջ սնանկությունը, պերճանքն ու թշվառությունը. Բագրատ Սրբազան

Դա ընդամենը մի դրվագ էր, որն արտահատում էր պետական կառավարման համակարգի ողջ սնանկությունը, ինչպես գրողը կասեր՝ ամբողջ համակարգի պերճանքն ու թշվառությունը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը:
«Մարդիկ ինքնախոստովանություն արեցին կամ հանցագործության բացահայտում: Եթե մենք նորմալ իրավական համակարգ ունենայինք, տեղում պետք է հաղորդում տային կամ ներկայացնեին, որևէ վարույթ սկսեին: Որովհետև բացահայտ հաղորդում է տրվել, ընդ որում՝ երկու կողմից: Դեռ ինչե՞ր կարող են բացահայտվել, եթե մի քիչ էլ իրար, այսպես ասած, հրահրեն: Շատ բաներ կխոսեն»,-նշեց Սրբազանը։
Լրագրողները միաժամանակ հարց ուղղեցին Սրբազանին ՝ հնարավո՞ր է, որ այսօր հանդիպի ՔՊ պատգամավորների հետ։ Վերջինս ի պատասխան նշեց, որ ՔՊ-անների ցանկությունն է՝ կուզեն՝ կհանդիպի, չեն ուզի՝ չի հանդիպի։
Նշենք, որ Բագրատ Սրբազանն Ազգային ժողովում է՝մասնակցելու «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը:
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժամին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև ընդհարում տեղի ունեցավ։ Նրանք վիրավորեցին միմյանց և քիչ էր մնում բանը հասնի բռունցքների:
