Ուկրաինայում ֆրանսիական ընկերությունների արտադրած անօդաչու սարքերի և տեխնիկայի մի մասը հատկացվել է Հայաստանին։
Ադրբեջանական APA-ն գրում է, որ Արևմուտքում իր դիվանագիտական աղբյուրը հայտնել է, թե իբր արտադրանքի մոտ 30 տոկոսը նախատեսված է Հայաստանի համար։
Նշենք, որ ադրբեջանական մամուլը այլ հղում չի անում, փաստեր ու փաստաթուղթ չի ներկայացնում իր հրապարակման համար։
Աղբյուրն ընդգծել է, որ առաջին բեռներն արդեն ուղարկվել են։
Հաղորդվում է, որ այս տարվա ամառվանից ֆրանսիական պաշտպանական արդյունաբերության երեք ձեռնարկություններ սկսել են համագործակցել անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների և տարբեր ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ զրահատեխնիկայի պահեստամասերի արտադրության ոլորտում։
«Նշվում էր, որ նախագծի նպատակը, որն իրականացվում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության անմիջական հսկողության ներքո, Ուկրաինային աջակցելն է Ռուսաստանի հետ հակամարտությունում, սակայն ավելի ուշ սկսվել են նաև զենքի մատակարարումները Հայաստանին։
Նախագծում ներգրավված ընկերությունների թվում են տանկեր արտադրող KNDS հոլդինգային կառույցը, որը ստեղծվել է ֆրանսիական Nexter-ի և գերմանական Krauss-Maffei-Wegmann-ի կողմից»,- գրում է ադրբեջանական մամուլը:
Մի երկիր, որը 2,5 միլիարդ դոլարով ավելացրել է իր ռազմական բյուջեն ու ամեն օր հրապարակումներ է անում նոր զենքեր գնելու մասին, անհիմն ու չփաստարկված «տեղեկություններ» է տարածում Հայաստանի «զինվելու» մասին ու «քարը գցում» հենց Ֆրանսիայի «բախչան»։
Իսկ գաղտնիք չէ, որ չնայած տնտեսական համագործակցությանը՝ Ադրբեջանը քաղաքական դաշտում Ֆրանսիային վերաբերվում է որպես ախոյանի։