Վճռականորեն մերժում ենք այդ բանաձեւը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախաձեռնած մյուս սադրիչ քայլերը. Ադրբեջանի ԱԳՆ

16

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի կողմից այն բանաձևի ընդունման հետ, որը պահանջում է դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։

«Բանաձևն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ջանքերին վնաս հասցնելուն։ Այս բանաձեւը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, մեկ անգամ եւս ցայտուն ցույց է տալիս Ֆրանսիայի կանխակալ քաղաքական դիրքորոշումը, որը դրանով իսկ չի կարող չեզոք եւ արդար միջնորդ լինել»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։

Ադրբեջանը շեշտել է, որ «լսումների ժամանակ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը փաստացի պաշտպանել է բանաձեւը, ինչը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այդ բանաձեւի հետեւում կանգնած է այդ երկրի կառավարությունը, որը վերջին ժամանակներս տարբեր հարթակներում բացահայտ հանդես է գալիս հակաադրբեջանական նախաձեռնություններով»։

«Ֆրանսիան, մոտ 25 տարի իր կողմից միջնորդական դեր կատարելու պատրվակով, գնահատական չի տվել Հայաստանի ագրեսիային եւ օկուպացիային՝ դրանով իսկ չձգտելով կարգավորել հակամարտությունը։ Ֆրանսիայի կանխակալության ցուցիչն է այն, որ երբ Ադրբեջանն ինքնուրույն կարգավորեց հակամարտությունը, մեր երկրի դեմ սկսվեց բացահայտ զրպարտչական քարոզչություն, ներկայացվում են մեղադրանքներ։ Վճռականորեն մերժում ենք այդ բանաձեւը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախաձեռնած մյուս սադրիչ քայլերը, այդ թվում ավելի վաղ այդ երկրի Սենատի ընդունած բանաձեւը»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։