Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորեց Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ ընդգծելով, որ մեծ ջանքեր են գործադրվել այդ ուղղությամբ։ Միրզոյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարցին, թե ինչպե՞ս Հայաստանին հաջողվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ և արդյոք ակնկալիքներ կան այս ուղղությամբ։
«Մեծապես կարևորում եմ այն ինչ տեղի ունեցավ։ Առհասարակ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է հաղորդում արաբական աշխարհի հետ իր հարաբերություններին և կարծում ենք, որ այստեղ գրեթե բոլորի հետ կան չիրացված հնարավորություններ։ Տասնապատիկ ավելի ափսոս էր Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը։ Իհարկե, 30 տարիների ընթացքում ջանքեր գործադրվել են այդ ուղղությամբ, սակայն, ցավոք, հաջողությամբ չեն պսակվել։ Եվ կարող եմ ասել, Արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու առաջին իսկ օրերից մեծ ուշադրություն եմ դարձրել հենց այս հարցին՝ հանդիպումներ ենք նախաձեռնել։ Ընդհանրապես տեղի է ունեցել երկու պաշտոնական հանդիպում իմ և իմ գործընկերոջ միջև։ Մենք միասին բազմակողմանի այլ հարթակներում շփվել ենք, հեռախոսազրույցներ ունեցել, քննարկումներ են եղել դեսպանների մակարդակով, պատվիրակություն է այցելել Սաուդյան Արաբիա։ Եվ ինչպես տեսնում եք երկու երկրները անհրաժեշտ համարեցին ստորագրել այդ արձանագրությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»,- ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարն ընդգծեց՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատումը վերջը չի, այլ հակառակը՝ գործընթացի սկիզբը։
«Կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի մեր գործընկերները կիսում են այս դիրքորոշումը, որ կա բազմաթիվ ուղղություններ և ոլորտներ, որ դեռ նոր-նոր պետք է բացահայտենք և մեծ համագործակցություն ծավալենք»,- եզրափակեց Միրզոյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե ադրբեջանական տիրույթում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Հայաստանի Հանրապետությունը դիմել է Լիբանանի և այլ երկրների միջնորդությանը, ԱԳ նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ն որևէ երկրի միջնորդությանը կամ օգնությանը չի դիմել։
«Փոխըմբռնումն ու ի վերջո դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության ստորագրումը տեղի է ունեցել բացառապես երկկողմ շփումների արդյունքում, երկու երկրների մեծ պատրաստակամության շնորհիվ», – նշեց նա։