Թուրքիան ամբողջովին վճռական է տրամադրված՝ պաշտպանելու Ադրբեջանի շահերը մինչև վերջ, անկախ սպառնալիքի աղբյուրից՝ լինի դա Հայաստանը, Ռուսաստանը, թե որևէ այլ երկիր։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:
Նա ուշադրություն է հրավիրել ռուս-հայկական զորավարժություններին՝ նշելով, որ Բաքուն և Անկարան նախատեսում են առաջիկա օրերին անցկացնել լայնածավալ զորավարժություններ: Թուրքիայի ղեկավարի մամուլի քարտուղարն ասել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ ներկայացրել է Թուրքիայի դիրքորոշումը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
«Ադրբեջանի միասնությունը, ամբողջականությունն ու անվտանգությունը հավասար են Թուրքիայի միասնությանն ու անվտանգությանը: Դրա վերաբերյալ ոչ մի կասկած չի կարող լինել», Էրդողանն ասել է Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Էրդողանը ՌԴ նախագահին կոչ է արել օգտագործել Երևանի նկատմամբ իր ազդեցության լծակները՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար։