Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը՝ մեկ անգամ ևս կրկնելով, որ նման հայտարարություններն ասեկոսեներ են:
«Բացառվում են արտահերթ ընտրությունները: Ժողովրդական դաշինքն ակնկալում է, թե ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսին»,- ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին հայտնել է թուրք նախագահը:
«Ազգայնական շարժում» կուսակցության՝ MHP-ի նախագահ Դևլեթ Բահչելին նույնպես հերքել է հնարավոր արտահերթ ընտրությունների մասին լուրերը: Բահչելիի և Էրդողանի կուսակցությունները միասին կազմում են Cumhur İttifakı-ն՝ Ժողովրդական դաշինքը, որին հակակշռում են երկրի երկու խոշոր ընդդիմադիր կուսակցությունները՝ Հանրապետական ժողովրդական և «Լավ» կուսակցությունները՝ Ազգային դաշինքով (Millet İttifakı)։
«28-րդ ժամկետի նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսին, ինչպես նախատեսված էր: Կարիք չկա սին հույսեր փայփայել»,- ասվում է Բահչելիի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱԶԿ այլ հայտնի գործիչներ, ներառյալ՝ կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը և փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, նույնպես հերքել էին արտահերթ ընտրությունների անցկացման մասին լուրերը: