ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասին երկրորդ միջնորդագիրն ԱԺ-ում կքննարկվի փակ ռեժիմով։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ օրենքով պաշտպանվող գաղտնիք է պարունակում միջնորդագիրը։
Նշենք, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասին երեք միջնորդագիր է ներկայացվել ԱԺ, որոնցից մեկն արդեն քննարկվել է։ Առաջին միջնորդագիրը վերաբերում էր Երասխ զորամասի՝ հատուկ նշանակության հողերի հափշտակության դեպքի հետ։ Ըստ քրեական գործի՝ Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 2 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանցավոր արարքների կատարում: Այն է՝ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ))։ Նշված գործով Սեյրան Օհանյանը ցուցմունք չի տվել։ Աննա Վարդապետյանը տեղեկացրել էր, որ Օհանյանի կողմից այդ արարքների կատարումը հաստատվել է նաև վկաներ՝ Նորայր Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգորի Խաչատուրովի, Արմեն Հակոբյանի, Վարուժան Մուրադյանի և 2005թ. սեպտեմբերի 5-ից մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը զբաղեցրած Էդիկ Ավետիսի Ավետիսյանի ցուցմունքներով։
Աղբյուր` Փաստինֆո