Համացանցում երեկվանից տարածվող հայ զինծառայողների գերեվարման մասին տեսանյութերը Կառավարության Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում ուսումնասիրվում են։ Այս մասին News.am-ին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նա նշել է, որ գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են, առայժմ հստակ թվեր չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ երեկ գերեվարված մեկ հայ զինծառայող է նույնականացվել։
Հայ զինծառայողի իրավունքներն ու նրա ֆիզիկական անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով Հայաստանը երեկ դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։







