Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են, առայժմ հստակ թվեր չեն հաղորդվում

Համացանցում երեկվանից տարածվող հայ զինծառայողների գերեվարման մասին տեսանյութերը Կառավարության Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում ուսումնասիրվում են։ Այս մասին News.am-ին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա նշել է, որ գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են, առայժմ հստակ թվեր չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ երեկ գերեվարված մեկ հայ զինծառայող է նույնականացվել։

Հայ զինծառայողի իրավունքներն ու նրա ֆիզիկական անձեռնմխելիությունն  ապահովելու նպատակով Հայաստանը երեկ դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ զոհերի ճշտված թիվը 49 է։

Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։