Իշխանությունը մի կողմից ուզում է ցույց տալ՝ իբր չի նկատում երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, բայց, մյուս կողմից էլ, տարբեր ուժային, պետական և մասնավոր կառույցների միջոցով փորձում է ազդել ու կանխել մարդկանց մասնակցությունը տարբեր հավաքներին․ ԱԳՆ շենքի դիմաց, որտեղ տեղի է ունենում «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիան, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Այնպես որ՝ իշխանության այդ մոտեցումները կապ չունեն իրականության հետ։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա, անկախ այն հանգամանքից, թե գործընթացներն ինչ հունով են ընթանում, բոլորի համար գոնե ակնհայտ է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն այն միակ դերակատարը չէ, որը կարող է որոշում կայացնել, և, առհասարակ, Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ որոշում կայացնելու Արցախի հետ կապված հարցերում», – ասաց Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ մինչև պատերազմական գործողությունները Նիկոլ Փաշինյանն ինքն էր ասում, որ Արցախի ժողովուրդն իրեն ձայն չի տվել, հետևաբար՝ նա որևէ իրավունք չունի Արցախի վերաբերյալ որոշում կայացնելու։




