Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սյունիքում փորձում են լուծել Բերձորից ու Աղավնոյից տեղահանվածների խնդիրները

Բերձորից ու Աղավնոյից տեղահանված ոչ բոլոր ընտանիքներն են կարողացել տուն վարձակալել. նրանց մի մասն առայժմ բարեկամների տան են մնում։ Սիսիանը, Գորիսն ու Տեղն այն համայնքներն են, որտեղ հիմնականում վերաբնակվել են տեղահանվածները։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը։

«Բերձորից և Աղավնոյից տեղահանվածներից Սյունիքի մարզում վերաբնակվել է 27 ընտանիք։ Նրանց մեծ մասը Գորիս, Սիսիան և Տեղ համայնքներում են հաստատվել, մասնավորապես՝ 8 ընտանիք Սիսիան քաղաքում է և հարակից գյուղերում, 4 –ը՝ Տեղ համայնքում՝ Խոզնավարում և Կոռնիձորում, մնացածը՝ Գորիսում և հարակից գյուղերում։ Այդ ընտանիքների մեծ մասը բնակարան է վարձակալել, իսկ ով էլ դեռ բնակարան չի գտել,ապրում է բարեկամների, ընկերների տանը»,- ասել է Սյունիքի մարզպետի տեղակալը։

Նարե Ղազարյանը հետ զրույցում նաև նշեել է, որ մարզպետի կարգադրությամբ գույքագրում են տեղահանվածների կարիքները։ Այդ ուղղությամբ որոշ աշխատանք արդեն արվել է. 7 ընտանիք կենցաղային տեխնիկայով է ապահովվել, 8-րդը՝ գույքով։ Մյուսների կարիքները, ինչպես վստահեցրեց տիկին Ղազարյանը, շարունակում են ուշադրության կենտրոնում պահել։

Տեղահանված ընտանիքների դպրոցական և մանկապարտեզի տարիքի երեխաների հարցերը դեռևս ամբողջությամբ լուծված չեն, բայց ընթացքի մեջ են։

«Այդ հարցերով ենք զբաղված հիմա։ Այցելում ենք տեղահանվածներին՝ տեղում բոլոր կարիքները հասկանալու, արձանագրելու համար։ Ի դեպ, նրանք, ովքեր Բերձորում և Աղավնոյում պետական աշխատանքի էին՝ աշխատում էին դպրոցում, մանկապարտեզում և այլն, աշխատանքի կտեղավորվեն Սյունիքի մարզպետարանում»,-նշել է Նարե Ղազարյանը։