Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոնը կմեկնարկի «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում

Սեպտեմբերի 17 և 18-ին «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կանցկացնի «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոն: Ծրագրի նպատակը Հայաստանի թանգարանների հանրահռչակումն է, ինչպես նաև  հուշանվերի  դերը կարևորելը։

Հուշանվերները պատրաստել են և  կներկայացնեն Հայաստանի 7 մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռիի, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, ինչպես նաև Արցախի և Երևանի շուրջ 50 արհեստագործ վարպետները: Փառատոնի մասնակից տեղացիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան ոչ միայն ձեռք բերել արհեստագործների ձեռագործ աշխատանքները, այլև տեղում մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել իրենց արհեստագործական հմտությունները, ապա վայելել տարազների ցուցադրություն՝ կենդանի երաժշտության ներքո: Արաջին օրը՝ սեպտեմբերի 17-ին,  ժամը  09-20:00 տեղի կունենա ցուցադրություն և վաճառք, իսկ ժամը 17:30.00-18:30՝ տարազների ցուցադրություն,իսկ երկրորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 09:00-18:00՝ ցուցադրություն և վաճառք:

«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ:

«Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերի համագործակցությամբ: «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոնին աջակցել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը՝ տրամադրելով իր «Գաֆէսճեան» քանդակների պարտեզի տարածքը։