Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Օգոստոսի 16-ին «Երազ այգում» կանցկացվի Ազգային տարազի փառատոնը

Օգոստոսի 16-ին «Երազ այգում» տեղի կունենա Ազգային տարազի փառատոնը, որը մեկ հարթակում կմիավորի հայկական ազգային տարազը, ավանդական արհեստները, երաժշտությունը, էթնոդիզայնն ու Խաղողօրհնեքի դարավոր ավանդույթը։

 Փառատոնի կազմակերպիչներն են «Տերյան մշակութային կենտրոն»-ը և «Երազ այգին»։ «Տերյան մշակութային կենտրոնն» արդեն երկար տարիներ կազմակերպում է Ազգային տարազի փառատոնը՝ այն դարձնելով հայկական մշակութային ժառանգության, ավանդական արհեստների և ժամանակակից էթնոդիզայնի ներկայացման յուրահատուկ հարթակ։

Այս տարվա առաջին փառատոնը խորհրդանշորեն համընկնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր տոներից մեկի՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի և Խաղողօրհնեքի հետ։

Խաղողօրհնեքը հայ ժողովրդի ամենասիրված ու ավանդական տոներից է։ Սուրբ Պատարագից հետո եկեղեցիներում կատարվում է խաղողի օրհնության կարգը, իսկ օրհնված խաղողը բաժանվում է ժողովրդին։

Դարերի ընթացքում այս տոնը դարձել է ոչ միայն եկեղեցական, այլև ազգային մշակույթի, ավանդույթների և միասին տոնելու խորհրդանիշ։

 Օգոստոսի 16-ին «Երազ այգու» տարածքում առավոտից մինչև երեկո կստեղծվի հայկական մշակույթով հագեցած տոնական միջավայր։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական ավանդական արհեստներին, հետևելու վարպետների աշխատանքին, տեսնելու ազգային տիկնիկների և ձեռագործ աշխատանքների ստեղծման ընթացքը, ինչպես նաև հանդիպելու այն մարդկանց, որոնք այսօր պահպանում և շարունակում են հայկական ավանդական արհեստները։

Փառատոնի առանցքային իրադարձություններից մեկը կլինի Ազգային տարազի ցուցադրությունը։ Էթնո ոճում ստեղծագործող դիզայներները կներկայացնեն իրենց հավաքածուները, իսկ «Տերյան մշակութային կենտրոնը» հանդես կգա ազգային տարազների իր նոր հավաքածուով։ Կենտրոնի համար յուրաքանչյուր նոր հավաքածու ոչ միայն նորաձևության ցուցադրություն է, այլև հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության, վերականգնման և հանրայնացման շարունակական աշխատանքի արդյունք։ Հավաքածուների միջոցով ներկայացվում են Հայաստանի տարբեր տարածաշրջանների տարազային առանձնահատկությունները՝ գույները, ձևերը, զարդանախշերն ու դրանց հետ կապված պատմությունները։ Փառատոնը կունենա նաև համերգային ծրագիր, որին   կմասնակցի Ethno Colors խումբը։  Այն  երկար տարիներ համագործակցում է «Տերյան մշակութային կենտրոնի» հետ և իր երաժշտությամբ առանձնահատուկ շունչ է հաղորդում կենտրոնի փառատոներին։ Ազգային տարազի փառատոնը երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է «Երազ այգու» հետ համագործակցությամբ՝ մեկ վայրում համախմբելով ազգային տարազը, արհեստը, երաժշտությունը, ավանդույթներն ու ժամանակակից մշակութային ներկայացումները։ Խաղողօրհնեքի այս միջոցառումը միաժամանակ կազդարարի «Տերյան մշակութային կենտրոնի» փառատոնային մեծ շրջանի մեկնարկը։

Հաջորդիվ նախատեսվում է TarazFest-ը Մեղրիում՝ ԱՊՀ երկրների մասնակիցներով, իսկ դրանից հետո՝ Future of the Past միջազգային փառատոնը։ Միջոցառման իրականացմանն աջակցում է նաև «Տերյան մշակութային կենտրոնի»  գործընկեր «Նիկա» ենթակառուցվածքային զարգացման բարեգործական հիմնադրամը (Nika Foundation)։

Օգոստոսի 16-ին «Երազ այգում» անցկացվելիք փառատոնը հնարավորություն կտա մեկ օրվա ընթացքում բացահայտելու հայկական մշակույթի տարբեր շերտերը՝ ազգային տարազից ու ավանդական արհեստներից մինչև երաժշտություն և Խաղողօրհնեքի դարավոր ավանդույթ։