Նիկոլ Փաշինյանն իր բացթողումները, դավաճանական վարքն արդարացնելու համար ամեն ինչ կարող է ասել․ ի՞նչ է նշանակում՝ սարի վրա տարվա կեսը ձյուն է․ նա չի՞ հասկանում, որ դրանք ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ են, որոնց կորուստը կբերի նաև այլ տարածքների կորստի։ Դասալիքը, վախկոտը, դավաճանը այլ կերպ չէր կարող արտահայտվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»։
«Նա չի հասկանում, որ կարևոր ու անկարևոր տարածքներ չկան։ Մենք ազգաբնակչության անվտանգությունն ենք ապահովում, ոչ թե ինչ-որ ամայի տարածքներ․ հենց այդ ամայի տարածքները պահպանելով՝ պահպանում ենք մեր պետության անվտանգությունը։ Մենք իզու՞ր էինք պաշտպանում Օմարը, իզու՞ր ենք պաշտպանում Գյամիշը․ եթե Գյամիշը չպահենք, կկորցնենք Մարտակերտը։ Նա չի հասկանում՝ ինչ է ասում»,-ասաց Մխիթարյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանն այդ հայտարարությամբ նաև փորձում է հաճոյանալ զինծառայողների ծնողներին․ «Այդպես է անում, որ հետո ծնողներն ասեն՝ «տարվա 6 ամիսը ձյուն է այդ տարածքում, ինչո՞ւ եք մեր երեխային տանում այնտեղ՝ դիրք պահելու»։ Նա շատ անելանելի վիճակում է, գիտի, որ չի վերարտադրվելու, ու նման քայլեր է անում»,-ասաց Մխիթարյանը՝ ընդգծելով, թե Փաշինյանն ինչքան էլ հոխորտա, միևնույն է՝ նույն կապիտուլյանտն է։
«Նա ընդհանրապես ռազմավարական մտածողություն չունի, չի հասկանում՝ ինչ է ռազմավարությունը, ինչ է մարտավարությունը, չի կարողանում տարբերվել։ Իրեն հորջորջում է «գերագույն հրամանատար», բայց ոչինչ չգիտի»,-ասաց պահեստազորի գնդապետը՝ նշելով նաև, թե անհրաժեշտ է դիտարկել նաև իշխանության վերջին 3 տարվա գործելակերպը։
«Երեք տարի առաջ Սասուն Միքայելյանը հայտարարեց, թե իշխանափոխությունն ավելի մեծ արժեք էր, քան Արցախյան ազատամարտը, Աննա Հակոբյանը հայտարարեց, թե զենքը պետք է զարդի վերածել, թե մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, այդ ժամանակ սկսեցին քայքայել ամեն ինչ՝ նախապատրաստելով այսօրվան։ Հիմա էլ կասեն, թե այս պատերազմին 5000 տղաներն էլ հանուն ոչնչի զոհվեցին»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ մասին մտածող մարդը երբևէ չէր լինի այս իշխանության թիմում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: