Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջանիբեկ Վարդանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Գեորգի Մելիքյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի Նորք-Մարաշ շրջանի ղեկավարի տեղակալ Ջանիբեկ Վարդանյանը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքով պարզվել է, որ Վարդանյանը Նոր Նորք վարչական շրջանում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքը ներկայացնելով որպես փաստացի իրեն պատկանող, ձեռք բերելով գնորդի վստահությունը, փորձել էր խարդախությամբ վաճառել և հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ 4.834.900 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև՝ իր իրավասությունների շրջանակներում գնորդի օգտին գործողություններ կատարելու դիմաց առանձնապես խոշոր չափերով՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառքի շուրջ համաձայնության է եկել գնորդի հետ:
Պաշտպան Գեորգի Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Վարդանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քրեական գործն ամբողջովին սարքված է։
«Սա այն դասական դեպքն է, երբ ԱԱԾ-ն ինքն է կաշառք տալու դրդչություն անում։ Այսինքն՝ ԱԱԾ-ն է բերում և ամեն ինչ անում, որ կաշառքի խոսակցություն ստեղծվի և կաշառք տա»,- նշեց պաշտպանը։
Նրա փոխանցմամբ՝ իր պաշտպանյալը Նորքում ինքնակամ զբաղեցրած հողամաս ունի՝ սեփականության վկայականի մեջ ներառված, հատակագծված, 2006թվականից իր անունը գրանցված է անտառային ֆոնդի կառավարության որոշման մեջ։ Ջանիբեկ Վարդանյանը Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է երկու տարի և հայտարարություն է տարածել՝ իրեն պատկանող հողատարածքից մի մաս վաճառելու մասին, ինչից հետո, իբրև ինչ-որ մեկը դիմել է ԱԱԾ-ին՝ նշելով, թե կասկածներ ունի հողատարածքի օրինականության վերաբերյալ։
«ԱԱԾ-ն էլ «տեռորյալից» դիմում է վերցնում, ասում՝ զանգիր, ասա, իբր, գնորդ ես։ Սկսվում է պրովոկացիան, ամեն ինչ անում են, որ տանեն դեպի կաշառքի, որ իբրև որպես թաղապետի տեղակալ պետք է ինչ-որ գործառույթ կատարի, ընդ որում՝ այն դեպքում, երբ ինքը Մարաշ վարչական շրջանի ղեկավարն է, իսկ հողատարածքը՝ Նոր Նորքում է գտնվում»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ բոլոր խոսակցությունների ձայնագրություններում երևում է, որ Վարդանյանը նշել է, որ իր հողն է վաճառում և եթե չեն կարող սեփականաշնորհել, ապա պետք չէ գնել։ Փաստաբանը վստահեցնում է՝ պաշտոնեական բնույթի որևէ խոսակցություն չի եղել, սադրել են խոսքերով, որ կաշառքի տանեն, մինչդեռ, Վարդանյանի պարագայում նման հանգամանք լինել չի կարող։
«ԱԱԾ-ն իր դեմ քրեական գործ է հարուցել, որ կաշառք է տալիս։ Նման բան չկա պատմության մեջ։ Տեսնում են, որ իմ պաշտպանյալը չի խոսում, իրենք գործ են հարուցում, որ իրենք կաշառք են տալու։ Իրենք իրենց դեմ գործ հարուցելով գնում են, փորձում մշակել, որ կաշառք ստանալու գործընթաց ստեղծել, փողն էլ են անգամ տանում։ Մարդն էլ ասում է՝ եթե չեն կարող սեփականաշնորհել, փողը պետք չէ տալ, հողը չի վաճառի նրան »,- պատմեց փաստաբանը, ապա հավելեց, որ, ԱԱԾ-ն, չստանալով իրենց համար ցանկալի խոսակցություններ, հոկտեմբերի 7-ից հետո ձախողվել են, ինչից հետո քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում հոկտեմբերի 30-ին խուզարկություններ են իրականացվել, ինչից հետո Վարդանյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել Վարդանյանի ձերբակալությունը, և թեև որոշում է կայացրել Վարդանյանին կալանավորելու մասին, հաստատված չի համարել հիմնավոր կասկածը՝ խարդախության փորձի դրվագով, մինչդեռ, փաստաբանի դիտարկմամբ, վարույթը հենց խարդախության հատկանիշներով էր սկսվել, ինչը, փաստորեն հօդս է ցնդվել։ Դատարանը հաստատված է համարել հիմնավոր կասկածը՝ կաշառքի դրվագով, ինչի հիմքում դրվել է խոսակցության այն հատվածը, որտեղ մեղադրյալը դրական է արձագանքել՝ 7000 դոլար փոխանցելուն։
«Հայտարարությունն առկա է «List.am»-ում, համաձայն որի՝ հողատարածքը 14.500 ԱՄՆ դոլարով է վաճառվում։ Իր հողատարածքի գումարն է, նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ գումարի կեսը հիմա կվճարեն, մյուս կեսը՝ մյուս տարվա ընթացքում։ Տեսե՞լ եք, որ կաշառքի համար հայտարարություն տարածեն «List.am»-ում։ ԱԱԾ-ն ինքնախայտառակությամբ է զբաղվում»,- նշել է Մելիքյանը։
Կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Աղբյուր` Փաստինֆո




